Աֆրիկյան մի շարք երկրների ղեկավարներ, ովքեր ժամանել են Սոչիում կայացած Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովին, ցանկություն են հայտնել համագործակցել Մոսկվայի հետ՝ ռազմատեխնիկական, միջուկային, ֆինանսական, հանքարդյունաբերական և հումանիտար ոլորտներում։ Այս մասին հայտնում է Լենտան։
Ուգանդայի նախագահ Յովերի Կագուտա Մուսեվենը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ երկիրը ցանկանում է ավելի շատ զենք գնել Ռուսաստանից, մասնավորապես խոսքը վերաբերում է ինքնաթիռներին և տանկերին, բայց դրան խանգարում է այն, որ պետությունը ստիպված է մատակարարման համար կանխիկ վճարել։ Մուսեվենի խոսքերով, գործընթացը կարագանա, եթե Մոսկվան վարկ տրամադրի Ուգանդային։ Բացի այդ, նա կոչ է արել ռուսաստանյան ընկերություններին ներդրումներ անել Աֆրիկայում։
Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացմամբ հետաքրքված է նաև Սուդանի բանակը։ Այժմ Սուդանի զինված ուժերը 60 տոկոսով հագեցված է խորհրդային և ռուսական արտադրության զենքով ու տեխնիկայով։
Զենքի մատակարարման շարունակության վերաբերյալ հույս է հայտնել նաև Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության նախագահ Ֆոստեն Արկանժ Տուադերը: Նա նաև ցանկանում է ձեռք բերել հրթիռային նավեր, ուղղաթիռներ և հրաձգային զենքեր։
Ինչպես հայտնել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչևը համապատասխան հարցը բարձրացվել է Ռուսաստանի նախագահի հետ աֆրիկյան երկրների բոլոր ղեկավարների հանդիպումների ժամանակ։ Միևնույն ժամանակ, միայն Եթովպիան է հրապարակավ հստակեցրել իր ծրագրերը։ Այս պետության նորարարության և տեխնոլոգիաների նախարար Գետահուն Մեկուրիա Կուման հայտարարել է, որ իր երկրի կառավարությունը կցանկանար 10 տարվա ընթացքում կառուցել փոքր ատոմակայան։