Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի հեղինակած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը:
Վարազդատ Կարապետյանը նշել էր, որ օրենքով ամրագրված է լճից ջրի առավելագույն չափաքանակ՝ 170 մլն մ3: Սակայն, ըստ հիմնական զեկուցողի, 2012 թվականին օրենքում կատարված փոփոխությունից հետո գրեթե ամեն տարի ՀՀ կառավարությունը դիմել է խորհրդարանին՝ առավելագույն չափաքանակից ավելի ջրառ իրականացնելու պահանջով:
Հեղինակն առաջարկում է սահմանափակել Սևանա լճից ավել ջրառի իրականացումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որը լճի մակարդակի իջեցման հետևանքով, ջրի տաքացման, ջրիմուռների բազմացման շնորհիվ մեծացել է քաղցրահամ լճի ճահճացման վտանգը և բնական ռեժիմի փոփոխությունը կհանգեցնի լճի և նրա ավազանի էկոլոգիական հավասարակշռության խախտմանը:
Վարազդատ Կարապետյանի տեղեկացմամբ՝ ներկայում Սևանի մակարդակը մոտ 5 սանտիմետրով ավելի բարձր է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:
Քվեարկությունից առաջ Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցությունն ազատ է քվեարկելու, իսկ Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցություննը ձեռնպահ է քվեարկելու, քանի որ որոշակի հարցեր կան՝ հույս հայտնելով, որ դրանք մինչև երկրորդ ընթերցումը կպարզվեն:
Նախագիծն ընդունվեց 73 կողմ, 8 դեմ, 37 ձեռնպահ հարաբերակցությամբ: