Հայաստան 

Արմեն Աշոտյանը Բուխարեստում հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ

analitik.am

«Բարձրագույն կրթության ապագան» Բոլոնյան գործընթացի հետազոտողների համաժողովին մասնակցելու նպատակով Ռումինիայում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նոյեմբերի 25-ին ՀՀ դեսպանությունում հանդիպումներ է ունեցել Բուխարեստի համալսարանի հայոց լեզվի դասախոս, դոկտոր Աիդա Մարկոսյանի և միջպետական կրթաթոշակներով Ռումինիայի բուհերում սովորող հայ ուսանողների հետ:


Կարևորելով հայերենի ուսուցումը Ռումինիայում հայագիտության խթանման տեսակետից, ինչպես նաև բարձր գնահատելով դոկտոր Աիդա Մարկոսյանի ներգրավվածությունն այդ գործում, մասնավորապես ռումինախոսների համար Հայոց լեզվի դասագրքի հրատարակումը` նախարար Աշոտյանը պատրաստակամություն հայտնեց այսուհետ ևս շարունակելու աջակցությունը հայերենի դասընթացներին թե՛ Բուխարեստի, թե՛ Կլուժի համալսարաններում, որի շրջանակներում այս տարի բացվել և գործում է հայագիտության ինստիտուտը:


Ուսանողների հետ հանդիպման ժամանակ նախարար Աշոտյանը ներկայացրել է այն գերակայությունները, որ Հայաստանն ակնկալում է միջպետական կրթական ծրագրերից և պատասխանեց ուսանողների հարցերին:


Երեկոյան նախարար Աշոտյանն այցելել է Բուխարեստի Հայոց կենտրոն և հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են կրթական ոլորտի, ուսանողների փոխանակման, հայերենի ուսուցման և հայագիտության զարգացման հետ կապված հարցեր:

 

Լուսանկարը՝ aravot.am

Նույն շարքից