Բիզնես Քաղաքականություն 

ՀՀ ԱԱՊ-ն և Արցախի ներդրումային հիմնադրամը ստորագրեցին Արցախում առևտրաարդյունաբերական պալատ հիմնադրելու մասին համաձայնագիր

analitik.am

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի (ՀՀ ԱԱՊ) և Արցախի ներդրումային հիմնադրամի միջև ստորագրվեց համաձայնագիր, որի հիման վրա մշակվելու են Արցախում առևտրաարդյունաբերական պալատ հիմնադրելու գործում աջակցության միջոցներն ու տարբերականները: «Համաձայնագրի գլխավոր նպատակներից մեկը Արցախում առևտրաարդյունաբերական պալատի ստեղծումն է, որի արդյունքում ավելի կսերտացվի համագործակցությունը ՀՀ ԱԱՊ-ի և Արցախի ներդրումային հիմնադրամի միջև: Մասնավորապես, Արցախի ներդրումային հիմնադրամը հնարավորություն կունենա օգտվելու ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ընդհանուր տեղեկատվական բազայից և բոլոր բիզնես նախագծերից և հետագայում` Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու պարագայում, նաև այդ ծրագրերը կյանքի կոչել»,- լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը:


Այն հարցին, թե ինչպես կարող է Լեռնային Ղարաբաղի վրա ազդել Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը` Սարգսյանը շեշտեց, որ ԼՂ հարցը չի լուծվում ՄՄ-ում, այն տնտեսական միություն է: Մյուս կողմից` ՀՀ անդամակցությունը Մաքսային միությանը հնարավորություն է տալիս Արցախում արտադրված ապրանքը Հայաստանի միջոցով արտահանել ՄՄ մյուս անդամ երկրներ: «Ինչպես գիտեք` այսօր էլ Ղարաբաղում արտադրված ապրանքատեսակները Հայաստանում ստանում են երկրի ծագման վկայական, ապա վաճառվում տարբեր երկրներում: Ոչ մի խոչընդոտ չի եղել, և ինձ թվում է, որ չպետք է լինի»,- պարզաբանեց ՀՀ ԱԱՊ-ի նախագահը`ընդգծելով, որ Հայաստանը պետք է ակտիվ լինի և ստեղծի նպաստավոր պայմաններ, որպեսզի ՄՄ-ը միանալ ցանկացող երրորդ երկրները ներդրումներ կատարեն մեր երկրում:

 

Արցախում Առևտրաարդյունաբերական պալատի ստեղծումը պլանավորվում է կյանքի կոչել մեկ տարվա մեջ:

Նույն շարքից