Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ԻՆՉՊԵ՞Ս ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԲԵԿՈՒՄ ԵՎ ՍՏԵՂԾԵԼ ԱՐԴԱՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում ստեղծված ներկայիս իրավիճակի պայմաններում գործող քաղաքական իշխանությանը համարժեք քաղաքական այլընտրանքի բացակայությունը կարող է հնարավորություն տալ, որ որոշակի շրջանակների խաթարված մտածողության ու կենսակերպի, իսկ ավելի պարզ՝ Հայաստանի բնականոն զարգացումը վիժեցրած ընկալումներն ու դրսևորումները որոշ ժամանակ հետո հաղթող դուրս գան՝ խժռելով հասարակության կողմից իրականացված փոփոխությունների արդյունքը:
Ավելի՛ն, այդպիսի այլընտրանքի չձևավորման պայմաններում հնարավորություն կստեղծվի նախորդ քաղաքական ռեժիմների համար՝ քաղաքական դաշտում մնալու և ռևանշի հայտ ներկայացնելու, ինչը լուրջ սպառնալիք ու մարտահրավեր կլինի Հայաստանի ապագայի համար:
Անկասկա՛ծ, մեր երկիրն այս պահին կանգնած է ինստիտուցիոնալ իշխանություն և քաղաքական համակարգ ստեղծելու խնդրի առաջ:
Այս համատեքստում, որպեսզի երկրում իրականացվեն լրջագույն բարեփոխումներ և տեղի ունենա իսկական ԲԵԿՈՒՄ, չափից դուրս կարևոր է քաղաքական համակարգի առողջացումն ու իրական քաղաքական այլընտրանքի ձևավորումը, որով հնարավոր կլինի ապահովել քաղաքական համակարգի հավասարակշռվածությունն ու պետության բնականոն զարգացումը:
Քաղաքական այդ այլընտրանքը պետք է լինի գաղափարական, ինտելեկտուալ, կրթված, ունենա պետության զարգացման ռազմավարական հայեցակարգ, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները լուծելու համարձակություն ու քաղաքական խիզախություն և վերջապես՝ պատրաստ լինի ստանձնել Հայաստանի հաջորդ իշխանությունը:
Օբյեկտիվորեն քաղաքական համակարգի բալանսն այսօր խախտված է.
Ունենք օրինական ընտրությունների արդյունքում ընտրված քաղաքական իշխանություն և չունենք անհրաժեշտ ազդեցություն ունեցող և քաղաքական իշխանությանը հակակշռող քաղաքական այլընտրանք:
Որպեսզի քաղաքական իշխանությունը չլճանա և դառնա անվերահսկելի, իսկ մեր երկիրն էլ զարգանա բնականոն հունով, անհրաժեշտ է ստեղծել գործող քաղաքական ազդեցիկ իշխանությանը համարժեք էլ ավելի ազդեցիկ քաղաքական այլընտրանք, որը բխում է Հայաստանի և նրա ժողովրդի շահերից:
Վերը նշված վտանգները չեզոքացնելու, անձնակենտրոն քաղաքական իշխանությունից և նշված սցենարից խուսափելու և մեր իրական արժեհամակարգին ու ազգային ինքնությանը հարիր պետության կայացման համար անհրաժեշտ է հնարավորինս արագ ձևավորել այդ այլընտրանքը՝ արձանագրելով, որ մեզ արդար Հայաստան է պետք, որտեղ իրավունքի և օրենքի գերակայությունը կլինի անբեկանելի և անշրջելի համակարգ, որտեղ իրավական պետության փիլիսոփայությունը կդառնա կյանքի նորմ սոցիալական բոլոր շերտերի համար, որտեղ բոլորը հավասար կլինեն օրենքի առաջ:
Ցավալիորեն, տարիներ շարունակ անարդարությունը խաթարել ու արգելակել էր Հայաստանի բնականոն զարգացումը, որի պատճառով հարյուր հազարավոր մարդիկ անզորութունից հուսահատվել ու հեռացել են հայրենիքից՝ հանդիպելով անարդարության պատին, ուստի առաջիկա տարիների համար Հայաստանի հասարական ու քաղաքական էլիտայի համար առաջնային է լինելու ստեղծել արդար հասարակություն, որպեսզի կարողանանք իրապես կառուցել իրապես ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն»: