Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը նշել է, որ Հովհաննես Քոչարյանի՝ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից ազատման պատճառը եղել է Քոչարյանի կողմից քաղաքական հայտարարություն անելը. «Վարչապետը բազմիցս նշել է, որ Ոստիկանության, Զինված ուժերի ծառայողները պետք է զերծ մնան քաղաքականությունից և չանեն հայտարարություններ, որոնք ունեն քաղաքական բնույթ: Ոստիկանության ղեկավարման ձևը քաղաքական հարց է»,- ընդգծել է վարչապետի մամուլի քարտուղարը:
Փորձում էի վարչապետի ամբողջ թիմում գտնել Հովհաննես Քոչարյանի նման պրոֆեսիոնալ, փորձառու և զուսպ որևէ այլ պաշտոնյայի, սակայն չգտա: Գուցե այդպիսիք առկա են, սակայն մեծամասնությունն ընդամենն ակտիվ քայլողներ են: Բայց չպետք է մոռանալ, որ ոստիկանության նման բարդ և կարևոր համակարգերը հմուտ կառավարման կարիք ունեն: Միթե ոստիկանությունը և դրա իրավական բլոկը ղեկավարող փոոստիկանապետը, ով ներսից և խորությամբ ճանաչում է համակարգը, իրավունք չունի և չի կարող իր պրոֆեսիոնալ կարծիքը հայտնել ոստիկանության կառավարման ձևի փոփոխման հարցի վերաբերյալ, միթե վարչապետը չպետք է առաջին հերթին հենց նրանց կարծիքը լսել:
Անձամբ ես, երբ տեսնում եմ որևէ պետական կառույցում նման պրոֆեսիոնալ և զուսպ անձնավորության, այդ համակարգի վերաբերյալ առավել լավ կարծիք եմ ձևավորում: Ամեն դեպքում ոստիկանությունը կորցրեց լուրջ կադրի, իսկ վարչապետը օբյեկտիվորեն ոչինչ չշահեց, բացի այն, որ առանց այդ էլ վախեցած պաշտոնյաները այլևս չեն էլ փորձի այնպիսի կարծիք հայտնել, որը ենթադրաբար կարող է վարչապետի սրտով չլինել, իսկ դա դեպի կործանում ճանապարհն է, քանզի նման վախկոտ պաշտոնյաների պակաս չկա, իսկ հակառակ կարծիք հայտնողներ չլինելու հետևանքները բոլորը գիտեն: Գուցե հաճելի է միշտ լսել՝ շեֆ դու ճիշտ ես, բայց շեֆը չի կարող միշտ ճիշտ լինել բոլոր բնագավառներում:
Կամ էլ ստրկամիտներն օբյեկտիվ չեն զեկուցել վարչապետին, թե ով է Հովհաննես Քոչարյանը:
Իսկ քաղաքական ոստիկանապետին դեռ կտեսնենք...
Եվ վերջում. միթե Քոչարյանի արարքն այնպիսին էր, որ նույնիսկ նկատողությունը բավարար չէր և նա պարտադիր պետք է պաշտոնից ազատվեր...
Փաստաբան Երեմ Սարգսյան