168.TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը խոսել է իր զգացողությունների մասին այն ժամանակ, երբ իր հորն ու դուստրերին հրավիրել էին ԱԱԾ:
ՍԴ նախագահը մասնավորապես նշել է, որ իր հայրը 75 տարեկան է, վերջին 2 տարում 4 բարդ վիրահատության է ենթարկվել, ունի ծանր հիվանդություն. «Հաճելի չէ տեսնել, թե ինչպես են նրան հարցեր տալիս, իսկ նա չգիտի, թե ինչ պատասխանի, չնայած ոստիկանության 29 տարվա ստաժ ունի ու փոխգնդապետ է: Մեղավորության զգացողություն ես ունենում: Ի՞նչ ես արել, ծնողներդ քեզ այսպե՞ս են դաստիարակել, որ այսօր, երբ արդեն 50 տարեկան ես ու նրանք դեռ քո համար պատասխան պետք է տան: Այդքան հաճելի չէ, երբ տեսնում ես քո դուստրերին, որոնք պետք է գնան ինչ-որ հարցերի պատասխանեն: Մենք նրանց միանգամայն այլ կերպ ենք դաստիարակել, նրանցից մեկն ընդամենը 10-15 օր առաջ է վերադարձել ԱՄՆ-ից, որտեղ սովորում էր: Մեր տանն արդեն կատակում են, որ միայն մամային չեն կանչել, քանի որ նա իջևանցի է:
Սա հաճելի չէ, սակայն հուսով եմ, որ ծնողներս ու երեխաներս կհասկանան ու կընկալեն այս իրավիճակը, սա էլ մի պրոցես է, որը կանցնի, մեր հայրենիքում շատ ու շատ լավ օրեր են սպասվում: Այս ամեն ինչն անցողիկ է, ժամանակավոր: Շատ եմ կրկնել ու էլի կասեմ, որ ես իմ խղճի հետ պետք է խաղաղությամբ ապրեմ և իմ խղճի հետ երբեք գործարքի գնացողը չեմ»: