ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի քան երկու ժամ դեմ առ դեմ զրույց են ունեցել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է Ինտերֆաքսը:
Հանդիպումը տևել է մոտ վեց ժամ: Խոսակցությունից հետո աշխատանքը շարունակվել է պատվիրակությունների կազմով:
«Հարցերը շատ կարևոր են, և (Ռուսաստանն ու Թուրքիան) համաձայնության են եկել ամենակարևոր փաստաթղթի շուրջ»,-ասել է Ուշակովը:
Նախագահի օգնականը նշել է, որ համաձայնեցված փաստաթուղթը պարունակում է ինչպես ռուսական, այնպես էլ՝ թուրքական նախաձեռնություններ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին, Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը, վեց ժամ տևած բանակցություններից հետո, պայմանավորվել են սիրիական-թուրքական սահման մտցնել Ռուսաստանի ռազմական ոստիկանությունն ու սիրիական զորքերը: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն, իր հերթին, ասել է, որ Սիրիայի հյուսիսում դադարեցված է «Խաղաղության ակունք» թուրքական օպերացիան: