Հայաստան 

Հուսամ՝ խորապես կքննարկվի 100%-անոց համամասնական ընտրակարգին անցնելու հարցը. Մ. Մելքումյան

Ազգային ժողովի «Հանրապետական» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների անդամներ Սուքիաս Ավետիսյանը և Միքայել Մելքումյանը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձան ՀՀ վարչապետի խոսքին, թե պետք է քննարկել ընդդիմադիր եռյակի կողմից առաջ քաշած հարցերը:

«Առաջին անգամը չէ, որ իշխանությունն ասում է, թե պատրաստ է քննարկելու ցանկացած կետ, ցանկացած ձևաչափով»,-ասաց ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը:

Հարցին, թե սա իշխանությունների կողմից ընդամենը ժամանակ շահելու խնդիր չէ՞, ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը պատասխանեց, թե ասելը մի բան է, անելը՝ մի այլ բան:

«Եթե խորությամբ ասենք, ապա սա բխում է նաև իրենց շահերից, և կարծում եմ, որ իշխանությունը խորապես կքննարկի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու հարցը»,-ասաց Միքայել Մելքումյանը:

 

Մյուս բանախոս Սուքիաս Ավետիսյանն ասաց, թե համամիտ չէ նրա՝ նշելով, թե դասական քաղաքագիտությունը հստակ տալիս է համամասնական և մեծամասնական ընտրակարգերի առավելությունները և թերությունները:

«Ժամանակագրությունը ցույց է տալիս, որ ինչպես ԵՏՄ-ին անդամագրվելն այլընտրանք չուներ, այնպես էլ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելը այլընտրանք չունի»,-ի պատասխան Սուքիաս Ավետիսյանի՝ ասաց Միքայել Մելքումյանը:

Նա նշեց նաև, թե իրենք 12 կետերը չեն տարանջատում իրարից:

Նույն շարքից