Հայաստան 

Ալեքսանդր Արզումանյանը՝ ՀՀ ՊՆ գործողությունների մասին

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ ադրբեջանական զինուժի կողմից ԼՂՀ ՊԲ խոցված ուղղաթիռի անձնակազմի դուրսբերման նպատակով Պաշտպանության նախարարության գործողություններն անթերի է համարում, իսկ Արտաքին գործերի նախարարության աշխատանքում որոշ թերություններ է տեսնում։

Ըստ նրա՝ սակայն դիվանագիտությունն այնպիսի կատեգորիա է, որ բոլոր դետալներին չենք տիրապետում և պետք էլ չէ, որ տիրապետենք:

«Կուլիսների հետևում դիվանագետներն ավելի շատ աշխատանք են տանում, քան հայտարարություններում»,- ասաց նա և ավելացրեց, թե չի կարծում, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հանձնարարություններ է տվել դեսպաններին:

Ինչ վերաբերում է միջազգային հանրության արձագանքին, ապա Ալեքսանդր Արզումյանն ասաց.«Միջազգային հանրության արձագանքը շատ ադեկվատ էր և այդտեղ անմասն չի մնում դիվանագիտությունը»,-ասաց նա:

Հարցին, թե չեք կարծում, որ Ադրբեջանի այս պահվածքը հետևանք է նրա, որ միջազգային հանրության հայտարարություններն անհասցե են, Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց, որ, իհարկե, ցանկալի կլիներ, որ միջազգային հանրությունը դատապարտեր, նույնիսկ Ադրբեջանին Հաագայի դատարանի առաջ կանգնացնեին, «սակայն պետք է հասկանանք, որ միջազգային հանրության դարդն ու ցավը չի կտրվել, որ կողմերից մեկին պատժի»։

«Ենթատեքստում երևում էր, թե ում էր ուղղված միջազգային հանրության կոչը, կողմնակալ լինելը ճիշտ չէր լինի, կարծում եմ՝ խիստ ձևակերպումներ կային, որոնք մինչ այդ չեն եղել»,-ասաց պատգամավորը։

Մեկ այլ լրագրողի հարցին ի պատասխան՝ նա նշեց, որ հետաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանը, սակայն գտնում է, որ Ադրբեջանը ոչ ադեկվատ պատասխան է տվել, որովհետև ակնհայտ էր, որ ուղղաթիռն անզեն է:

Պատգամավորը նշեց, որ ինքը օգոստոսյան դեպքերի առնչությամբ քննադատել էր մեր Արտաքին գործերի նախարարության աշխատանքը, քանի որ, կարծես թե, ԱԳՆ-ի գործառույթն իր վրա էր վերցրել ՊՆ-ն, իսկ այս անգամ ամեն մեկն իր գործն է արել:

«Ես գովասանքի խոսք եմ ասում Պաշտպանության նախարարությանը, հրաշալի աշխատանք էր»,- ասաց նա և հավելեց, որ պետք է Պաշտպանության նախարարությանը թողնենք որոշի, թե ինչ պատասխան պետք է տրվի և երբ:

Նույն շարքից