Այսօր տեղի է ունեցել Երկրապահ կամավորականների միության կենտրոնական տարածքային վարչության նախագահի ընտրությունները: ԵԿՄ Կենտրոնական տարածքային փոխնախագահ Աշոտ Ղարիբյանը և մի քանի կամավորականներ այսօր վայր են դրել անդամատոմսերը:
Լրագրողների հետ զրույցում նա տեղի ունեցածը ընտրություն չի համարել՝ պատճառաբանելով, որ ներկաներից ոչ բոլորն են ԵԿՄ կենտրոն տարածքային անդամներ, այլ «բերել գրանցել են»:
«Եթե ցանկանում են ընտրությունն այս ձևով կատարել՝ թող կատարեն: Մենք էլի մնում ենք ազգի զինվոր»,-ասել է նա:
Իսկ թե ինչու են պատահական մարդկանց բերել գրանցել կենտրոնի տարածքայինում, արդյո՞ք քվորում ապահովելու համար, Ա.Ղարիբյանն ասել է, որ այդ հարցով կարելի է դիմել կենտրոնի տարածքային նախագահի պաշտոնակատարին:
Նա նաև հաղորդել է, որ դիմել են՝ նիստը հետաձգելու համար, քանի որ անդամների մի մասն աշխատանքի է, մի մասը տեղյակ չեն եղել, կան մարդիկ, ովքեր Հանրապետությունում չեն, որոշ անդամներ նաև առողջական խնդիրներ ունեն:
Ըստ Ա.Ղարիբյանի, նիստը չի հետաձգվել, սակայն ինքը պնդել է, որ բացակա անդամները ևս իրավունք ունեին ներկա լինեին, քանի որ իրենք այդ մարդկանց հետ ենք մասնակցել պատերազմին:
«Կենտրոնի տղաները միշտ միասին են եղել, բոլորն էլ ցանկանում էին, ինչպես միասին եղել են պատերազմի դաշտում, այնպես էլ մասնակցեին ընտրությանը»,- ասել է նա՝ շեշտելով, որ կենտրոնը 250 անդամ ունի, որից ոչ բոլորն են ներկա եղել, որպես նախագահ առաջարկել են հենց Աշոտ Ղարիբյանի թեկնածությունը, ով հրաժարվել է․ Դա ընտրություն չէր և իմաստ չուներ մասնակցեինք նիստին և ընտրություններին: Եթե ցանկանում են այս ճանապարհով ընտրվեն՝ թող ընտրվեն:
«Երկրապահի անդամ պետք է լինել հոգով, ոչ թե անդամատոմսով, երբ մեր կարիքը լինի՝ պատրաստ ենք զորակոչվելու»,-հավելել է Աշոտ Ղարիբյանը:
Գոհար Ստեփանյան