Բիզնես Քաղաքական 

ԲՀԿ-ն կողմ է շրջանառության հարկի նվազեցման և ընտանեկան բիզնեսին արտոնություններ տրամադրելու կառավարության նախաձեռնությանը

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցությունը կողմ կլինի ընտանեկան բիզնեսին հարկային արտոնություններ տրամադրելու՝ կառավարության նախագծին: Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ժամին նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Մենք  2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո հանդես եկանք օրենսդրական նախաձեռնությամբ, որով սահմանվում էր ընտանեկան բիզնես հասկացությունը և ամրագրվում, որ վարձու աշխատողներ չունեցող և բիզնես գործունեություն ծավալող ընտանիքները պետք է ժամանակավորապես ազատվեն հարկերից: Սակայն այն ժամանակ կառավարությունը մերժեց մեր նախագիծը, իսկ ներկայիս կառավարությունը նման նախագիծ է ներկայացրել, որին մենք, բնականաբար, կողմ կլինենք»,- ասաց նա՝ ընդգծելով, որ նախագիծը մանրամասն կքննարկեն որոշում կայացնելուց առաջ:


Անդրադառնալով շրջանառության հարկի նվազեցման մասին կառավարության նախաձեռնությանը՝ Միքայել Մելքումյանը նշեց, որ ԲՀԿ-ն շրջանառության հարկի վերաբերյալ 3 օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել: «Մենք կողմ կլինենք նաև սրան: Չնայած մենք կողմ ենք, որպեսզի այդ շրջանառության հարկը ընդհանրապես վերացվի, որովհետև եթե, ընդհանրապես, պետական բյուջե շրջանառության հարկից մուտքերը կազմում են 14 միլիարդ դրամ, ապա միայն 9 միլիարդ դրամը բաժին է ընկնում առևտրի ոլորտին: Հիմա այս նոր օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում է միայն առևտրի ոլորտին, սակայն այստեղ լուրջ խնդիրներ կան` կապված փաստաթղթավորման հետ, այսինքն՝ միաժամանակ կառավարությունը պահանջ է դնում, որ շրջանառության հարկով աշխատող փոքր ձեռնարկությունները պետք է անպայման փաստաթղթեր ունենան և ստուգման մեխանիզմ է իրեն վերապահում, որպեսզի մեկ օրվա ընթացքում դրանք ստուգի»,- նշեց պատգամավորը:

 

ԲՀԿ-ն դեմ է այն բանին, որ հարկային ծառայությունը կարող է օրը 10 անգամ մտնել որևէ փոքր կամ միջին սուբյեկտ և 3  ստուգումներ անցկացնի՝ անփաստաթուղթ ապրանքներ, ապօրինի աշխատողներ և ՀԴՄ-ների վերաբերյալ: Մելքումյանն ընդգծեց, որ սա հարկավոր է կարգավորել, քանի որ փոքր և միջին սուբյեկտը չի կարող անընդհատ ստուգումների մեջ լինել:

Նույն շարքից