Հասարակություն 

Ծանր այրվածքներով ԱԻՆ փրկարարը հենց հիմա ուղղաթիռով տեղափոխվում է Երևան

Ծանր այրվածքներով ԱԻՆ փրկարարը հենց հիմա ուղղաթիռով տեղափոխվում է Երևան։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Այրվածքաբանության ազգային կենտրոնի բժիշկները պատրաստ սպասում են նրան, որպեսզի առավելագույնս օպերատիվ բուժօգնություն ցուցաբերեն։ Աշխատանքները իմ հանձնարարությամբ համակարգում է իմ տեղակալ Լևոն Հակոբյանը։

Առողջություն եմ մաղթում տուժած փրկարարին, ինչպես նաև ցավակցում եմ զոհված փրկարարի հարազատներին և համածառայակիցներին»,-գրել է նախարարն իր էջում:

Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված է.

Հոկտեմբերի 25-ին, ժամը 11:37-ին Լոռու մարզային փրկարարական վարչությունից Վանաձոր քաղաքի հյուսիսային հատվածում՝ Բազումի լեռնաշղթայում, հրդեհ են նկատել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս 2 հրշեջ-փրկարար ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանն ընդհատել է Տավուշի մարզ այցելությունը և այժմ գտնվում է Լոռու մարզում:

Հրշեջ-փրկարար Սամվել Վարդանի Դևելյանը ( ծնված 1997 թ.) տեղում մահացել է, իսկ Էդգար Իշխանի Գրիգորյանը (ծնված 1992 թ.) տեղափոխվել է Վանաձորի ԲԿ, այնուհետև՝ ԱՆ կողմից տրամադրած սանավիացիայի ուղղաթիռով վայրէջք կատարել ԱԻՆ շարահրապարակում, որտեղից էլ Աղետների բժշկության կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով՝ Երևանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն:

 

Նույն շարքից