Հայաստան 

Դասական առումով եռյակ այլևս չկա. Էդուարդ Շարմազանով

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը չի ցանկանում անդրադառնալ եռյակին ու նրա թեստերին: Այս մասին այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը, իսկ ինչ վերաբերում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը, այն է Հասնել Սերժ Սարգսյանի իմպիչմենտին, Էդուարդ Շարմազանովը նշեց. «Չեմ կարծում, որ այդ նախաձեռնությունն իրական հիմքեր ունի, չեմ էլ կարծում, որ այդ նախաձեռնությունը որևէ հաջողություն կունենա»: Եռյակի` իշխանափոխության պահանջի վերաբերյալ ՀՀԿ մամուլի խոսնակը ասաց, որ ժամանակ չունի անդրադառնալու, թե ով ինչ իշխանափոխության պահանջ է ներկայացնում, Հանրապետականն ունի իր օրակարգը, որով էլ շարժվում է: «Մեր խնդիրը ոչ թե այս կամ այն ուժի հետ աննպատակ, այլ նպատակային քննարկումներն են, ինչն էլ առաջարկել ենք: Հայաստանում անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, որոնք պետք է լինեն երկխոսության, կոնսենսուսի հիման վրա, սահմանադրական փոփոխությունների ճանապարհով»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

 

Անդրադառնալով «եռյակի» և «համաժողովրդական շարժումանը»` ասաց, որ դա լուրջ հակակշիռ չէ իշխանություններին. «Ոչ թե ես Հայաստանում համաժողովրդական շարժում չեմ տեսնում, այլ այն ուղղակի չկա: Դասական առումով` եռյակ էլ չկա, որովհետև Հայաստանի համար ամենակարևոր հարցերի շուրջ այդ քաղաքական ուժերը ունեն տրամագծորեն տարբեր կարծիքներ: Անգամ տրամագծորեն տարբեր կարծիքներ ունեն իշխանության հետ երկխոսելու հարցի շուրջ: Էլ չեմ ասում, որ եռյակում կա քաղաքական ուժ, որի ներսում տարբեր կարծիքներ կան նույն ԵՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նույն շարքից