ԼՂՀ ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի նախաձեռնությամբ խորհրդարանում նոյեմբերին սկսված դրամահավաքի ողջ հասույթը տրամադրվելու է նոյեմբերի 27-ին կայանալիք «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած դրամահավաքին:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀԱԺ գլխավոր հաշվապահ Անժելա Զաքարյանն ասել է, որ դրամահավաքին մասնակցել են թեʹ Աժ աշխատակիցները, թեʹ պատգամավորները:
«Հավաքվել է 1 մլն 35 հազար դրամ գումար, որը կփոխանցվի հեռուստամարաթոնին: Նախապես հայտարարված դրամահավաքին մասնակցել են բոլորը` Աժ աշխատակազմն ու պատգամավորները, եւ յուրաքանչյուրն իր լուման է ներդրել Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցման գործում»,- ասաց Զաքարյանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնությամբ ավանդական հեռուստամարաթոնը տեղի կունենա նոյեմբերի 27-ին Հայաստանում եւ ԱՄՆ-ում:
Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես համահայկական դրամահավաքի ողջ հասույթը կտրամադրվի Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցման աշխատանքներին: Նոր ճանապարհի միջոցով 37 կմ-ով կկարճանա Հայաստան-Արցախ ճանապարհը, բացի այդ ճանապարհն ունի նաեւ ռազմավարական նշանակություն: Հեռուստամարաթոնից առաջ կայացել է նաեւ համաեվրոպական հեռախոսամարաթոնը, որի արդյունքում 1 մլն 82 հազար 62 եվրո գումար է հանգանակվել: