Հասարակություն 

Ռուսարմինֆո կայքը ներկայացրել է հայտնի հայերի պատմությունները, թե ինչպես են նրանց նախնիները մազապուրծ փրկվել Մեծ եղեռնի ժամանակ

System of a Down հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը պատմում է. «Ես մեծացել եմ՝ Եղեռնի մասին պատմություններ լսելով: Իմ տատիկն ու պապիկը ողջ են մնացել Եղեռնի ժամանակ: Մայրական կողմիս պապը տեսել է, թե ինչպես են իր աչքի առաջ սպանում իր եղբորն ու հորը: Ինքն էլ ընկել է Հունաստանում որբանոց, որտեղ քաղցի հետևանքով կորցրել է տեսողությունը: Հորս կողմի տատիս էլ փրկել է թուրք քաղաքապետը»:

Հայտնի ձեռներեց, Reddit սոցցանցի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը պատմում է իր ապուպապի՝ Ավետիս Օհանյանի մասին, որին հաջողվել էր փրկվել թուրքերի հարձակումների ժամանակ. «Թուրքերը հարձակվեցին Հարպուտի վրա: Ավետիսի հորն ու մորը գնդակահարեցին, նրանք պատրաստվում էին սպանել նաև Ավետիսին, բայց նրանցից մեկն ասաց. «Սա ընդամենը երեխա է. թողնենք նրան»: Այսպես Ավետիսը հայտնվեց որբանոցում»:

Հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանը նույնպես Մեծ Եղեռնը վերապրած հայերի սերնդից է: Նրա պապը Արևմտյան Հայաստանի Էրզրում քաղաքից է եղել և նույնպես տեսել է 1915 թ. սպանդը. «Նա այն ժամանակ 5 տարեկան է եղել. իր փոքր ծնկների վրա նա տարել է իր հոր՝ թուրք ոճրագործների կողմից կտրած գլուխը: Հետագայում  նա իր երեխաներին կոչել է իր ընտանիքի սպանված անդամների անուններով. Մարի (մոր հիշատակին), Գրիգոր (հայրը), Նշան (եղբայրը) և Զաբել (քույրը): Զաբելը իմ մայրն էր», - պատմում է Արսինե Խանջյանը:

Աշխարհահռչակ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) իմացել է իր հայկական արմատների մասին՝ 11 տարեկանում ծանոթանալով հոր հետ: «Այս դաժան պատմությունն ինձ պատմել է տատս: Թուրքերը մտան 2 գյուղ, քաղաքային ժողով գումարեցին և սկսեցին գնդակահարել տղամարդկանց և տղաներին, բռնաբարեցին կանանց և աղջիկներին», -2015 թ. ապրիլին գրել է Շերը թվիթերյան իր էջում:

Հայկական ծագումով ֆրանսիացի երգիչ Պատրիկ Ֆիորիի (Շուշանյան) նախնիներին հաջողվել է փրկվել Մեծ եղեռնի ժամանակ միայն այն բանի շնորհիվ, որ իրենց ընտանիքի մասին մոռացած են եղել: «Հայրս պատմել է ինձ, որ հայկական մի գյուղում կար մի ընտանիք, որի մասին հայերին ոչնչացնողները մոռացել էին: Այդ ընտանիքը սկսեց աղոթել՝ սպասելով, որ շուտով իրենց տուն էլ կմտնեն: Սակայն իրենց մասին մոռացել էին, և այդ Շուշանյանների ընտանիքն էր», - պատմում է երգիչը:

 

Նույն շարքից