Հայաստան Քաղաքական 

Երեք պատճառ կա, թե ինչու պարոն Մնացականյանը նման բան ասաց. քաղաքագետ

Քազաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կար ժամանակ, երբ իմ գործընկերները համոզում էին, թե Զոհրաբ Մնացականյանը հրաշալի դիվանագետ է։ Ասում էին՝ լավ մասնագետ է, պարզապես իր հայերենն է աղքատ, ինչի պատճառով չի կարողանում մտքերը ճիշտ արտահայտել։ BBC-ին տված հարցազրույցում Մնացականյանը ոսկեղենիկ անգլերենով երեկ հայտարարեց, որ՝ մեջբերում եմ. «Լեռնային Ղարաբաղը անվտանգային վիթխարի մարտահրավեր է Հայաստանի, մեր ժողովրդի համար» (Naghorno-Karabakh is a huge security challenge to Armenia, to our people)։

Գիտե՞ք ինչու պարոն Մնացականյանը նման բան ասաց։ Կամ էլ, որ նույն շարքից է, չարձագանքեց լրագրողի այն խոսքին, թե Արցախը հայկական հող չէ։ Երեք պատճառ կա։

ա) Որովհետև Արցախի հարցում Հայաստանի Հանրապետությունում իշխող Ատելության կուսակցությունը մշակած քաղաքականություն չունի։ Մեկ հայտարարվում է, որ Ստեփանակերտը պետք է ներկայացված լինի բանակցությունների սեղանին, մեկ էլ թե՝ Արցախը Հայաստան է և վերջ...

բ) Փաստարկներ չունի։ Ամբոխին հաճոյանալու իր տարերային մղման մեջ Փաշինյանն այնքան հակասական ու անտրամաբանական հայտարարություններով է հանդես գալիս, որ դիվանագետներին այլևս խոսելու տեղ չի մնում։ Տեսա՞ք, թե ինչպես էր Մնացականյանն անըդհատ ցիտում վարչապետի այն խոսքը, թե հակամարտությունն այնպիսի լուծում պետք է ունենա, որը ձեռնտու լինի «Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի ժողովուրդներին»։ Ինչ խղճուկ տեսարան...

գ) Զոհրաբ Մնացականյանը թույլ մարդ և թույլ դիվանագետ է։ Նա չէր կարողանում հարված պահել, հակազդել BBC-ի լրագրողին, դիմանալ նրա ճնշումներին։ Հաղորդման առաջին րոպեներից իսկ մեր արտգործնախարարը վերածվել էր բռնցքամարտիկի տանձիկի։ Ու դա այն մարդն է, ով Հայաստանն է ներկայացնում աշխարհում և պետք է դիվանագիտական գործիքներով նպաստի մեր երկրի անվտանգության ապահովմանը։

Իհարկե, էլի խնդիրներ կան, բայց մնացածը դիտեք տեսանյությում»:

Նույն շարքից