Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացությամբ քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկեց «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել, որ կարգազանց կհամարվեն այն պատգամավորները, ովքեր կքվեարկեն կամ կգրանցվեն բացակա պատգամավորների փոխարեն:
Օրենքի նախագծի հեղինակ, հիմնական զեկուցող Զարուհի Փոստանջյանը նշեց, որ օրենքի նախագիծը պետք է քննարկվի երկրորդ ընթերցմամբ: «Առաջին ընթերցմամբ նախագծիքննակման ժամանակ ես պատգամավորների կողմից ստացել եմ մի շարք առաջարկներ,որոնք երկրորդ ընթերցման ռեժիմով քննարկման ներկայացվող նախագծում հաշվի ենառնվել»,- նշեց Փոստանջյանը:
Հանձնաժողովի անդամ պատգամավորները հիմնականում դրական արտահայտվեցին նախագծի վերաբերյալ՝ շեշտելով հարցի կարևորությունը: Քվեարկության արդյունքում նախագիծը դրական եզրակացությամբ ընդգրկվեց ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ:
Որպես հիմնավորում նշվում է, որ օրենքում առաջարկվող լրացումը նպատակ ունի առավել բաց եւ թափանցիկ դարձնելու Հայաստանի Հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմնի աշխատանքները: «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ «Պատգամավորը գրանցվում է անձամբ:», իսկ նույն օրենքի 61-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված է, որ «պատգամավորը քվեարկում է անձամբ՝ կողմ, դեմ, ձեռնպահ»: Սակայն օրենքում ամրագրված չէ, թե անձամբ չգրանցվելու եւ/կամ չքվեարկելու դեպքում ինչ կարող է հետեւել դրան: Նման նորմի բացակայությունը վկայում է այն մասին, որ բացակա պատգամավորի փոխարեն կարող է գրանցվել եւ/կամ քվեարկել նիստին ներկա որեւէ այլ պատգամավոր: Առաջարկվող լրացմամբ բացակա պատգամավորի փոխարեն գրանցվող եւ/կամ քվեարկող պատգամավորը համարվում է կարգազանց պատգամավոր, որի նկատմամբ նիստը վարողը պետք է ձեռնարկի «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգապահական միջոցները: