Հայաստան 

Կարգազանց պատգամավորների վերաբերյալ օրենքի նախագիծն ընդգրկվեց քառօրյա նիստերի օրակարգ

analitik.am

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացությամբ քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկեց «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել, որ կարգազանց կհամարվեն այն պատգամավորները, ովքեր կքվեարկեն կամ կգրանցվեն բացակա պատգամավորների փոխարեն:

 

Օրենքի նախագծի հեղինակ, հիմնական զեկուցող Զարուհի Փոստանջյանը նշեց, որ օրենքի նախագիծը պետք է քննարկվի երկրորդ ընթերցմամբ: «Առաջին ընթերցմամբ նախագծիքննակման ժամանակ ես պատգամավորների կողմից ստացել եմ մի շարք առաջարկներ,որոնք երկրորդ ընթերցման ռեժիմով քննարկման ներկայացվող նախագծում հաշվի ենառնվել»,- նշեց Փոստանջյանը:

 

Հանձնաժողովի անդամ պատգամավորները հիմնականում դրական արտահայտվեցին նախագծի վերաբերյալ՝ շեշտելով հարցի կարևորությունը: Քվեարկության արդյունքում նախագիծը դրական եզրակացությամբ ընդգրկվեց ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ:

 

Որպես հիմնավորում նշվում է, որ օրենքում առաջարկվող լրացումը նպատակ ունի առավել բաց եւ թափանցիկ դարձնելու Հայաստանի Հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմնի աշխատանքները: «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ «Պատգամավորը գրանցվում է անձամբ:», իսկ նույն օրենքի 61-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված է, որ «պատգամավորը քվեարկում է անձամբ՝ կողմ, դեմ, ձեռնպահ»: Սակայն օրենքում ամրագրված չէ, թե անձամբ չգրանցվելու եւ/կամ չքվեարկելու դեպքում ինչ կարող է հետեւել դրան: Նման նորմի բացակայությունը վկայում է այն մասին, որ բացակա պատգամավորի փոխարեն կարող է գրանցվել եւ/կամ քվեարկել նիստին ներկա որեւէ այլ պատգամավոր: Առաջարկվող լրացմամբ բացակա պատգամավորի փոխարեն գրանցվող եւ/կամ քվեարկող պատգամավորը համարվում է կարգազանց պատգամավոր, որի նկատմամբ նիստը վարողը պետք է ձեռնարկի «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգապահական միջոցները:

Նույն շարքից