Հայաստան 

Գալուստ Սահակյանն ու Սերգեյ Նարիշկինը քննարկել են Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու ուղղությամբ ընթացող աշխատանքները

analitik.am

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի 41-րդ լիագումար նիստին: Նոյեմբերի 27-ի նիստում մասնակից երկրներն ընտրել են խորհրդի նախագահ: Խորհրդի նախագահ է վերընտրվել Վալենտինա Մատվիենկոն: Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է խորհրդարանում Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու ուղղությամբ ընթացող աշխատանքները: Խորհրդարանի նախագահն իր խոսքում նշել է, որ ՀՀ սահմանադրական դատարանն արդեն տվել է դրական եզրակացություն, եւ այժմ ընթանում են օրենսդրության ներդաշնակեցման գործընթացները: ՌԴ Պետական դումայի նախագահը հանդիպման ընթացքում պատրաստակամություն է հայտնել աջակցելու երկու երկրների խորհրդարանների միջեւ առկա բարեկամությանը նպաստող բոլոր հարցերում:



ՀՀ խորհրդարանի նախագահը նույն օրը հանդիպել է նաեւ Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ: Քննարկվել են երկու երկրների տնտեսական համագործակցության զարգացման ուղիներին առնչվող հարցերը: Վլադիմիր Անդրեյչենկոն, խոսելով տնտեսական համագործակցության մասին, նկատել է, որ Բելառուսն ու Հայաստանը պետք է ավելի ակտիվացնեն այն, քանի որ երկու երկրներն այդ բնագավառում դեռեւս չեն սպառել առկա ներուժը:


Գալուստ Սահակյանը Բելառուսի իր գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի՝ տարածաշրջանը լարված պահելու դատապարտելի գործելակերպը, Արցախում խոցված ուղղաթիռին վերաբերող մանրամասները եւ հույս հայտնել, որ Բելառուսի ղեկավարությունն այս հարցի շուրջ կդրսեւորի հավասարակշռված վերաբերմունք:


ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Բելառուսի խորհրդարանի նախագահի հրավերը Բելառուսի Հանրապետություն:

Նույն շարքից