Բարի օր Տնտեսություն 

Այդ պաշտոնյաների հետևից գալու են. Նիկոլ Փաշինյանը զգուշացնում է

analitik.am

Մենք կապիտալ ծախսերի թերակատարում ունենք: Այս մասին 2020 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի, կապիտալ ծախսերի թերակատարումը կապված է նախ կոռուպցիայի դեմ պայքարի հետ . «Եթե նախկինում ենթադրաբար, այսպես կոչված ատկատները համընդհանուր ընդունված իրողություն էր, այսօր դա համընդհանուր իրողություն անվանել չի կարելի: Ես չեմ կարող բացառել, որ այդպիսի երևույթներ կլինեն, բայց այդպիսի երևույթների մեջ ներգրավված պաշտոնյաները պետք է վստահ լինեն, որ այսօր կամ վաղը, որևէ պահ իրենց հետևից գալու են: Որևէ մեկը թող չկասկածի, որ կարող է խուսափել պատասխանատվությունից»:

Վարչապետը նշեց, որ երկարաժամկետ և միջնաժամկետ առումով կապիտալ ծախսերի մասով Հայաստանում ստանդարտները որոշակիորեն բարձրացնելու խնդիր կա. «Որքան էլ տարօրինակ թվա, ճանապարհաշինարարության հետ կապված այն ստանդարտը, որն այսօր կա Հայաստանում, ես գոհ չեմ: Չնայած այդ մասով հիմա հսկայական փոփոխություն ունենք: Ամեն դեպքում առկա ստանդարտը պետք է բարձրացվի: Ընդհանրապես բոլոր ոլորտներում, այդ թվում մեր աշխատանքի ստանդարտները պետք է բարձրացնենք»:

Նիկոլ Փաշինյանն իր խոսքի վերջում հայտարարեց, որ Հայաստանի տնտեսության և ապագայի մասով լավատես է և վստահ է առավել քան երբևէ. «ՀՀ տնտեսությունը շատ լավ թափ է հավաքել, իսկ մեր խնդիրն է անել այնպես, որ այդ թափն ավելանա, ու ՀՀ քաղաքացիների համար փոփոխությունները լինեն ավելի տեսանելի»:

Նույն շարքից