Կրեմլն ուշադիր հետևել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Լուգանսկի շրջան այցի ընթացքին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Տեղի ունեցած երկխոսության մի մասը լիովին բացահայտել է առկա խնդիրները և ցույց է տվել այդ խնդիրների սկզբնաղբյուրը։ Երբ Ուկրաինայի նախագահն այդ ստորաբաժանումներին կստիպի կատարել սեփական հրամանները, այդ ժամանակ մենք կարող ենք խոսել»,-ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լուգանսկում հանդիպել է «Ազով» գումարտակի անդամների հետ, որոնք հրաժարվում են լքել տարածքը: Զրույցի ժամանակ Զելենսկին գումարտակի անդամների հետ զրուցել է զենքերը վայր դնելու մասին: Նախագահին բարկացրել է հարցը, որը վերաբերել է «Ոչ կապիտուլյացիային» ակցիայի կազմակերպիչների հետ հնարավոր հանդիպմանը: Այդ ակցիաներն ընթանում են Կիևում ստորագրված «Շթայնմայերի» բանաձևի դեմ: