Society 

Ո՞ւմ մահվան և արցունքների վրա է Ռազմիկ Աբրահամյանն ունեցվածք դիզել. Հայկուհի Խաչատրյան

Սեպտեմբերի 24-ին «Արմենիա» հանրապետական ծննդատանը ծննդաբերած և առ այսօր երեխայի մասին կոնկրետ որևէ տեղեկութուն չունեցող Հայկուհի Խաչատրյանն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ նշված է. «098381803 սա իմ հեռախոսահամարն է, եթե կցանկանաք ցուցմունք տալ կամ հաղորդում ներկայացնել Ձեզ հետ պատահած դեպքերի մասին, խնդրում եմ զանգահարեք։ Պիտի ստուգվի ռազմիկի ֆինանսական աղբյուրները և վերաբացվի բոլոր գործերը։ #Դուխով։ Չլռե՛ք, ուզում է 50 տարի անցած լինի։ Նաև ստորագրահավաք է կազմակերպվելու։ Սիրում եմ բոլորիդ, շնորհակալ եմ բոլորիցդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ»։

Նշենք, որ Հայկուհի Խաչատրյանի բողոքը Պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկելոգիայի ինստիտուտի տնօրեն, գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի դեմ է. մայրն առ այսօր երեխային չի տեսել. ողջ է, թե մահացած դեռևս հստակ չէ:

Analitik.am-ի հետ զրույցում Հայկուհի Խաչատրյանը նշեց, որ Ռազմիկ Աբրահամյանի գործողություններից բոլոր տուժածներին հրավիրում է հաղորդում տալու։ Նա նշեց, որ մարդիկ կապ են հաստատում իր հետ, զանգահարում են, գրում, և ինքը պատրաստ է Ռազմիկ Աբրահամյանի արածները ջրի երես հանել:

«Պետք է պարզել Աբրահամյանի ֆինանսական  աբյուրները, իր կատարած գործողությունները։ Երբ լսում ես նրա հետ առնչված կանանց պատմությունները՝ մարմնովդ սարսուռ է անցնում»,-ասաց նա՝ ներկայացնելով Գեղարքունիքի մարզից մեկ դեպք․ «Մայրերից մեկը պատմել է, որ իր աղջիկն ու նորածին թոռնիկը մահացել են «Արմենիա» հանրապետական ծննդատանը, և դարձյալ հարազատներին երեխայի մարմինը ցույց չեն տվել: Նրանք որևէ փաստաթուղթ չեն ստորագրել, որ երեխայի մահ է գրանցվել, ինչը պարտադիր է առողջապահության նախարարության կարգի համաձայն»:

Խաչատրյանն ասաց, որ մայրն իրեն փոխանցել է, որ աղջիկը առողջական  խնդիրներ չի ունեցել։

«Ես հանդիպում եմ կազմակերպել փաստաբանիս հետ, որպեսզի մեկ վարույթով գնա նաև այդ գործը, մայրն ասում է, որ քննիչները կոնկրետ այդ հարցով ոչինչ չեն անում, թեև քրեկան գործ կա հարուցված»:

Հայկուհի Խաչատրյանը ներկայացրեց մեկ այլ դեպք, երբ Տավուշի մարզից հղին եկել է «Արմենիա» հանրապետական ծննդատուն ստուգվելու, սակայն, ըստ նրա, ամեն ինչ արել են, որ վաղաժամ ծննդաբերի։ Ծննդկանին չեն թողել երեխային տեսնի կամ կերակրի, ասել են, որ 4-րդ բացասական արյուն ունես՝ չի կարելի: Բժիշկը՝ Արմեն Կիմիչ Բլբուլյանն է եղել, որը նաև առնչվել է Հայկուհի Խաչատրյանի հետ և փորձել է դեպքը քողարկել:

«Չեմ կարողանում մոռանալ, որ Կիմիչը մահացած երեխայի մարմինը փորձաքննության ուղարկելը համարում է մանր-մունր բան: Գուցե իր համար դա մանր հարց է, սակայն մայրերիս համար մեր ողջ կյանքն է ամփոփված մեր նորածին երեխաների մարմնում»,-ասաց նա:

Այդ հատվածում, երբ տավուշցի կինը ծնդնաբերել է՝ ամուսնու հետ համատեղ չի բնակվել և հեռավոր Տավուշի մարզից այցելություններ չի ունեցել:

Հայկուհի Խաչատրյանը նշեց, թե կինն իրեն ասել է, որ այդ պահին անօգնական է եղել և օգտվելով իր վիճակից, Ռազմիկ Աբրահամյանն համոզել է ստորագրել փաստաթուղթ և հրաժարվել երեխայից: Աբրահամյանն մորն ասել է, որ հաջորդ օրը գնա, տանի երեխային, սակայն այդպես էլ մայրը երեխային չի տեսել և չի կարողացել ստանալ:

Երբ երեխային պահանջել է և հիվանդանոցում աղմուկ բարձրացրել, ասել են, որ նա արդեն երեխայից հրաժարվել է:

«Այժմ իմ պատրաստած հայտով 500 դիմում է եկել, մոտ 100 հոգի պահանջում է գտնել և ինձ վերադարձնել երեխայիս։ Կան դեպքեր, որ ներկայացնում են «Արմենիա» հանրապետական ծննդատանն իրենց հետ պատահածը: Մի դեպքում երեխայի մարմինը չեն տեսել, մյուս դեպքում նորածնային կասկածելի մահեր են գրանցվել, նաև կաշառակերության և ապօրինի գումարների մասին հաղորդումներ, վիրահատական սխալներ, որից կանայք են տուժել: Ամեն ինչ անելու եմ, որ թե՛ Արմեն Բալբուլյանը, թե՛ Ռազմիկ Աբրահամյանը պատասխան տան։ Նաև բացահայտելու եմ Ռազմիկ Աբրահամյանի ֆինանսական աղբյուրները, թե նա ում մահվան ու արցունքների վրա է ունեցվածք դիզել»,- ասաց Հայկուհի Խաչատրյանը:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից