Մի բան կարող եմ ասել, որ ես համաձայն չեմ: Ես հայտարարել եմ, որ մեղադրանքն ապօրինի է, ես ինչ արել եմ, արել եմ Սահմանադրության ու օրենքների շրջանակներում: Այս մասին լրագրողներին հայտնել է Արա Բաբլոյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չբացակայելու մասին:
Բաբլոյանը նշել է, որ որևիցե նախնական պայմանավորվածություն չի եղել, ամեն ինչն արվել է այնպես, ինչպես միշտ արել է Ազգային ժողովը:
Հարցին, թե համարում է արդյո՞ք իր գործը քաղաքական, Բաբլոյանն ասել է, որ ինքն այլևս քաղաքականությամբ չի զբաղվում, զբաղվում է միայն առողջապահությունով. «Ես այս պահին ունեմ ընդամենը մեկ նպատակ, որ ժողովուրդը շարունակի ինձ հարգել այնպես, ինչպես հարգել է: Ես կմնամ այս երկրում, որևէ տեղ չեմ գնա, մինչև վերջ կպայքարեմ, որ հաստատեմ՝ ես արդար եմ, որևիցե ապօրինություն չեմ արել»:
Հարցին՝ սա քաղաքական հետապնդում համարում է արդյո՞ք, ԱԺ նախկին նախագահն ասել է՝ «Շարունակենք գործընթացը, կերևա»: