Եկմալյանի նախկին բնակիչները բողոքի ակցիա են անում կառավարական առանձնատների մոտ: Քաղաքացիների խոսքերով, Փաշինյանն իր կնոջ հետ փառավոր ապրում է կառավարական առանձնատանը, սակայն իրենց հարցերը չի կարողանում լուծել, իրենք մինչև հիմա անտուն են:
Ակցիա անողները ժամկետներ են ուզում՝ հասկանալու համար, թե երբ է լուծվելու իրենց հարցը. «Կառավարությունը պետք է լուծի հարցը: Նրանք համաձայն չեն մեր բերած ներդրողին: Մենք արդեն 15 տարի ապրում ենք մեր միջոցներով, արդեն անհնար է: Առջևում ձմեռ է, հարցը պետք է լուծել»:
News.am-ի թղթակցի հետ զրույցում ակցիա անող կանանցից մեկն ասաց, թե կառավարությունից իրենց ասել են, որ պահանջն արդար է, սակայն իրենց պետք է իմանան, թե ինչ ժամկետներում կլուծեն իրենց հարցը. «Մենք հանդիպում ենք ուզում Փաշինյանի հետ, թող մեզ ժամանակավոր բնակարաններով ապահովեն ու ասեն ժամկետները: Նրանք հայտարարում են, թե բռնագրավված օբյեկտներ ունեն, թող մեզ բնակարանով ապահովեն: Մենք ողորմություն չենք խնդրում, մեր պապական տներն են քանդել, մեր հարցերին թող պատասխանեն, ոչ թե այսպես արհամարհեն»:
Քաղաքացին ասաց, որ ամեն օր գալու են ակցիա անելու, վարչապետը պետք է ընդունի իրենց. «Կատվի, շան համար օրենք են հանում, սակայն մոռանում են մարդու մասին: Նախ գնահատեք մարդուն, նրա արժեքները, հետո մտածեք կենդանիների մասին: Մի՞թե հպարտ քաղաքացին այդքան արժանիքներ չունի: Մենք մեր քվեն տվել ենք պարոն Փաշինյանին, որպեսզի ազատվենք տառապանքից, որը տեսել ենք 13-14 տարի: Ուրախացել էինք, որ մեր կյանքում ամեն ինչ պետք է փոխվի»:
Մեկ այլ կին նշեց, որ հեղափոխության օրերին նույնիսկ վիճել է ամուսնու հետ ակցիաներին մասնակցելու համար, սակայն հիմա որևէ բան չի փոխվել:
«Մենք Փաշինյանից լավ կյանք չենք ուզում, մենք մեր տներն ենք ուզում»,-ասաց ակցիա անողներից մեկ այլ կին: