Քաղաքական 

Վարչապետի բոլոր որոշումները ճիշտ են. Արագածոտնի մարզպետը չասաց, թե որքան աշխատավարձ է ստանում գաղտնի որոշումից հետո

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում հրաժարվել է ասել, թե որքան աշխատավարձ է ստանում՝ նշելով, թե կարող է խոսել միայն այն բաների մասին, որոնք գաղտնիություն չեն պարունակում:

Հարցին, թե գաղտնի որոշմամբ որքան է իր աշխատավարձը բարձրացել, մարզպետը նշել է, որ գաղտնի որոշումները հրապարակման ենթակա չեն. «Ես չեմ ուզում իրավական տեսանկյունից պատասխանատվություն ստանձնել գաղտնի ինֆորմացիայի մասին խոսելով»:

Հարցին, թե նորմալ է համարում արդյո՞ք այն, որ իրենց աշխատավարձը բարձրացել է, սակայն այդ մասին չի խոսվել, Գևորգյանը նշել է, որ ՀՀ վարչապետի ցանկացած որոշում ոչ միայն նորմալ, այլ նաև ճիշտ է համարում:

Մարզպետի խոսքերով, իրենց քաղաքական ուժում գտնվող ցանկացած մարդ, քանի դեռ գտնվում է թիմում, նույնիսկ բարոյական տեսանկյունից ճիշտ չի լինի, եթե սխալ համարի վարչապետի որոշումները:

Մարզպետը նաև կարևոր է համարել մարզպետարանի բոլոր աշխատակիցների աշխատավարձը բարձրացնելը՝ նշելով, որ դա ուղիղ կապ ունի արդյունավետության հետ:

Հարցին՝ ինքն արժանի է արդյո՞ք 800 հազար աշխատավարձի, Գևորգյանը պատասխանել է, որ հարցը կոռեկտ չէ. «Եթե իմ կատարած աշխատանքը վատը լինի, ես մարզպետի պաշտոնում չեմ պաշտոնավարի, եթե վարչապետը վստահել է ինձ, գտնում է, որ ես կարող եմ կատարել այդ աշխատանքը»:

Նույն շարքից