Վարչապետն ու վարչապետի խոսնակը բավական ընդգրկուն խոսել են աշխատավարձերի բարձրացման մասին: Այդ մասով որևէ ավելացնելու բան չունեմ: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ խոսելով աշխատավարձերը բարձրացնելու մասին:
«Քանի որ գաղտնի փաստաթղթով է շրջանառվել, ես ի պաշտոնե իրավունք չունեմ խոսելու այդ մասին»,-ասել է մարզպետը՝ հրաժարվելով ասել, թե որքան աշխատավարձ է ստանում:
Պետրոսյանի խոսքերով, իրենք իրենց եկամուտները հայտարարագրում են, ինչի միջոցով հնարավոր է իմանալ, թե որքան աշխատավարձ են ստանում:
Կոտայքի մարզպետը հերքեց խոսակցությունները, թե պարգևավճարներ տրվում են միայն մտերիմներին. «Ես իմ մասով դա հերքում եմ: Պարգևավճար ստացել են մարզպետարանի բոլոր աշխատակիցները»:
Պարգևավճարներ ստացել են տնօրենները, մաքրուհիները և մյուսները. «Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ մոտ 2300 աշխատակից պարգևավճար է ստացել: Խոսքը մարզային ենթակայության հաստատությունների աշխատակիցների մասին է: Նրանք աշխատում են պետական համակարգի միջին ու ցած օղակներում»:
Հարցին, թե ինչ է արվել այս ընթացքում մարզում, Պետրոսյանը նշել է, որ այս պահին Կոտայքում կառուցվում ու հիմնանորոգվում է մոտ 10 մանկապարտեզ, կառուցվելու է երկու նոր մոդուլային դպրոց, ևս երկու խոշորագույն դպրոց քանդվելու է ու կառուցվելու են նոր դպրոցներ, կառուցվում է շուրջ 6 մշակույթի տուն. «Կոտայքում աննախադեպ ծավալի տարածք է բարեկարգվել ու ասֆալատապատվել, այդ թվում նաև բակային տարածքներ: Աշխատանքի մեծ մասը կատարվել է սեփական խնամված միջոցներով, պետությունը հավելյալ գումար չի հատկացրել: Սա արդյունավետ կառավարման արդյունք է: Սեփական եկամուտները ծառայեցվում են սեփական համայնքի ենթակառուցվածքների, կյանքի որակի բարձրացմանը: Ահա դա կարող է ցուցանիշ լինել վարչապետի համար, որպեսզի պետական համակարգում աշխատողների աշխատավարձերը վերանայվեն»: