ՆԱՏՕ-ի զորավարժությունների համար Էստոնիա է ժամանել բրիտանական բանակի զինտեխնիկայի առաջին խմբաքանակը։ Այս մասին հայտնել է Էստոնիայի Պաշտպանական ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը։
Էստոնիա ժամանած մարտական տեխնիկայի շարքերում ընդգրկված է «Challenger» տեսակի 18 տանկ։ Հաղորդվում է, որ դրանք տեղեկայվելու են երկրի հյուսիսում գտնվող Տապա ռազմական ավանում:
Առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում Էստոնիա պետք է ժամանի մոտ 200 բրիտանական զինտեխնիկա և մոտ 800 բրիտանացի զինծառայող։
«Tractable» զորավարժությունն առաջին անգամ է անցկացվելու Էստոնիայի տարածքում: Այն տևելու է հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 9-ը։
«Այսպիսի զորավարժություններն անհրաժեշտ են, որպեսզի իրական զարգացումների դեպքում ամեն ինչ աշխատի ժամացույցի նման։ Պետք է այնպես աշխատի, որպեսզի մեր հնարավոր հակառակորդի համար շատ պարզ լինի, թե անհրաժեշտության դեպքում արագ արձագանքման ինչպիսի հնարավորություններ ու հմտություններ ունենք մենք »,-ասել է Էստոնիայի Պաշտպանության նախարար Յուրի Լուիկը՝ ողջունելով բրիտանական տանկերի ժամանումը Տապա քաղաք։