Հասարակություն 

Մելինե Դալուզյանն ինքը չպետք է համաձայներ, որ իր կյանքը հանրայնացվեր. Հոգեբան

Հայաստանի ազգային կինոկենտրոնը 20 մլն դրամ է հատկացրել ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի (Մել) մասին պատմող ֆիլմի համար: Ֆիլմում, ըստ նախնական տեղեկությունների, ներկայացվելու է ոչ միայն սեռափոխված ծանրամարտիկի մասնագիտական ուղին, այլ նաև Մելի և պայմանականորեն ընդունված՝ Ծաղիկի, սիրո պատմությունը: Ֆիլմը նվիրված է սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության պայքարին:

«Եթե ֆիլմը նվիրված է սեռափոխությանը՝ դա արդեն նմանվում է քարոզչության: Այդ թեմաները փակ և խիստ զգայուն թեմաներ են հասարակության համար, դա նաև բացասական ազդեցություն կարող է ունենալ երեխաների, դեռահասների դաստիարակության վրա: Ազդեցության համար էականն է նաև այն, որ Մելինե Դալուզյանը հայտնի մարդ է»,-Analitik.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:

Նա նշեց, որ 20 մլն դրամը քիչ գումար չէ, թեև շատ էլ չէ, սակայն խնդիրն այն է, որ այդ գումարը պետութjունն է հատկացնում: Ֆիլմի հեղինակները կարող էին այդ գումարները ստանալ գրանտների միջոցներով, բայց եթե նման ֆիլմի համար գումար է հատկացվում՝ նշանակում է, որ պետությունն այդ հարցերում չեզոք չէ և դրա կողմնակիցն է:

Հոգեբանը հիշեց, որ ԼԳՏԲ համայնքի ներկայացուցիչները 20-30 տարի առաջ այդքան էլ մեծ թիվ չէին կազմում, քան հիմա. «Ես կարծում եմ, որ քարոզչությունն ինչ-որ ազդեցություն ի վերջո թողնում է: Կարող է մեկը ձև է թափում, մյուսը՝ չէ, սակայն բոլոր դեպքերում քարոզչությունն ազդեցություն թողնում է»:

Խուդոյանը նաև չի հասկանում, թե ինչու են սեռական բազմազանության վերաբերյալ ֆիլմ նկարահանում, քանի որ սեռական նախապատվությունները շատ են․ «Սեքսի այնքան տարբեր ձևեր կան։ Ի՞նչ է նշանակում ֆիլմ նկարել մի տարբերակը գովերգել, գովազդել: Մարդ է, թող իր անձնական կյանքով ապրի, դրա համար ֆի՞լմ են նկարահանում՝ չի կարելի»,- ասաց նա:

Հոգեբանի խոսքով, կան տղամարդիկ և կանայք, ովքեր սեռական առումով այլ վարքը չեն դրսևորում. «Մի՞թե բոլորի մասին պետք է ֆիլմ նկարահանել և գումար տալ»:

Հոգեբանը նաև գտնում է, թե հենց Մելինե Դալուզյանը չպետք է համաձայներ, որ իր անձնական կյանքը հանրայնացնեն և ֆիլմ նկարահանեն, իսկ հասարակությունն էլ պատրաստ չէ նման ֆիլմերի:

«Եվ պետք էլ չի, որ հասարակությունը պատրաստ լինի: Մենք փոքր ազգ ենք, մեզ մոտ այդ ամենն ազդում է սերնդատվության վրա, դա անհանգստացնող է: Ճիշտ չեմ համարում այդ թեմաներին անդրադառնալ»,- ամփոփեց իր խոսքը հոգեբանը:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից