Հայաստան 

ԱԺ-ն ընդունեց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի նախագիծը

analitik.am

Կառավարության կողմից ներկայացված «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և կից ներկայացված օրենքների փաթեթն ԱԺ-ն այսօր ընդունեց 68 «կողմ», 1 «դեմ» և 0 «ձեռնպահ» քվեարկությամբ:

Իսկ մինչ այդ, վարման կարգով ձայն խնդրեց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով նշեց, որ իրենց խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը և կոչ արեց նրանց, ովքեր դեմ են, նույնպես չմասնակցեն քվեարկությանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից խոսեց Նաիրա Զոհրաբյանը, ով նշեց, որ նախագիծը լրջագույն քննարկումների կարիք ունի և ռիսկեր է պարունակում. «Նորից եմ կրկնում, որ բազմաթիվ պաշտոնյաների կանայք ստացել են միլիոնավոր, անգամ 30 մլն դրամի հասնող նպաստ, խնդիրը լրջագույն կարգավորման կարիք ունի, ուստի ԲՀԿ-ն չի մասնակցի, մինչև որ հնարավոր բոլոր ռիսկերը չզրոյացվեն»,- ասաց նա:

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն էլ նշեց, որ ուզում է ԲՀԿ գործընկերուհուն հիշեցնել,որ նախագիծը ծնվել է հենց այդ մատնանշված նեգատիվ երևույթները վերացվեն և նաև չաշխատող մայրերը նպաստ ստանան:

«Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը նշեց, որ Զոհրաբյանի դիտարկումը ոչ ճիշտ է, քանի որ այս նախագծով նրանք այլևս այդ գումարները չեն ստանա: Ավելին, ըստ նրա, բոլոր մայրերի համար, ում աշխատավարձը չի գերազանցում 1 մլն-ը, նրանք 100%-ով փոխհատուցում կստանան, իսկ այն մայրերը, որոնք չեն աշխատում, լրացուցիչ հղիության վճարներ կստանան: 

«Օրինաց Երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշեց, որ նույնպես դեմ են, քանի որ 1 մլն-ից ավելի աշխատավարձ ստացողների խնդիրը դրվում է գործատուի վրա: «Այստեղ գործատուներ կան, լրացուցիչ գումարը ձեր ուսերին են դնում»,-ասաց նա:

Նույն շարքից