Խորհրդարանում շարունակում են քննարկել 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը: Ինչպես նշեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը, հաջորդ տարի գործուղումների ծախսերն ավելացել են:
ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանին ավելի շատ հետաքրքրում է ոչ թե ծախսերի ավելանալ կամ պակասելը, այլ այն, թե որքանով են դրանք նպատակային. «Եթե նպատակայնության բաղադրիչը պակասում է, դա դառնում է անպիտան թվաբանություն: Պետք է մեխանիզմ մշակել, որ պատգամավորը հաշվետվություն ներկայացնի իր գործուղման արդյունքի վերաբերյալ: Այսօր պատգամավոր ունենք, ով ավելի շատ թռնում է, քան՝ քայլում: Ժողովուրդը հարցնում է՝ այս կամ այն մարդը, որ գնում է այստեղ ու այնտեղ ման է գալիս, ի՞նչ օգուտ է տալիս Հայաստանին»:
Պետրոսյանի խոսքերով, այսօր պատգամավորները հարկատուների հաշվին գործուղումների են մեկնում, գործողումների արդյունքները պետք է տեսանելի լինեն. «Պատգամավորը չպետք է գնա ու իր աչքի համար հաճելի տեսարաններ վայելի ու վերադառնա»:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ նման մեխանիզմներ կան՝ պատվիրակություններն ասուլիսներ են տալիս և այլն:
Տիգրան Գալստյանի խոսքերով, ինքը կարող է աջակցել նմանատիպ մեխանիզմների ներդրմանը, սակայն հարցն ավելի շատ գտնվում է հենց պատգամավորների տիրույթում, իսկ իր պարտավորությունն է ապահովել ծախսերը:
Իմ քայլի պատգամավոր Արտակ Մանուկյանի խոսքերով էլ, այցի արդյունքային չափորոշիչներից է օրինակ միջազգային մամուլում այդ այցի լուսաբանումը, թե քանի մամուլ է խոսել այցի մասին, ինչը կնպաստի այդ երկրից զբոսաշրջիկների ներհոսքին և այլն: Ամեն դեպքում Իմ քայլում պատրաստ են քննարկել լրացուցիչ մեխանիզմները, եթե առաջարկներ լինեն: