Ծանոթացել եմ Վենետիկի հանձնաժողովի հայտարարությանը և իսկապես կոշտ դրսևորումների տպավորություն եմ ստացել: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ խոսելով ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանձնաժողովի հայտարարության մասին:
Պետրոսյանի խոսքերով, անհրաժեշտություն կա հասկանալու հայտարարության ենթատեքստը. «Այն, որ այնտեղ կոպիտ գնահատական կար, ինչը չի բխում ՀՀ-ի շահերից, ակնհայտ է: Ես հակառակ կարծիքը չեմ կարող կիսել: Մենք պետք է ուշքի գանք, մեր երկրում շեշտը դնենք տնտեսական հեղափոխության, սոցիալական արժեքների վրա, ոչ թե այսպիսի անիմաստ ձերբակալությունների և այլնի, ինչը չի բխում Հայաստանի շահերից»:
ԲՀԿ-ական պատգամավորի խոսքերով, Վենետիկի հանձնաժողովը փաստորեն ընդունում է, որ այստեղ քաղաքական հետապնդման տարր կա. «Սրանից կոպիտ էլ ի՞նչ պետք է ասեին, հո չէին հայհոյելու»:
«Ձերբակալություններով, կալանավորումներով մենք ինչի՞ ենք հասնելու: Արդեն մի քանի անգամ ասել ենք, որ դրանով հիասթափեցնում ենք պոտենցիալ ներդրողներին: Գործեր են հարուցվում, որոնք տարիներով ձգվում են: Ողջամիտ ժամկետի խնդիր կա: Դատավարությունները տարիներ են տևում, պետք չէ դրանով կերակրել ժողովրդին: Լրջանալու ժամանակն է: Իշխանությունները պետք է մտածեն ժողովրդի մասին»,-ասաց Պետրոսյանը: