ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց Ցեղասպանության վերաբերյալ բանաձևը՝ ձայների 405/10 հարաբերակցությամբ: Բանաձևին կողմ են քվեարկել 223 դեմոկրատ և 177 հանրապետական կոնգրեսականներ: 10 հանրապետական կոնգրեսական դեմ է քվեարկել:
Analitik.am-ի հետ զրույցում միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը նշեց, որ նախ սա ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներից մեկի հայտարարությունն է և իհարկե կարևոր էր, որ Միացյալ Նահանգների օրենսդիրը ճանաչեր Հայոց Ցեղասպանության բանաձևը:
«Սա իհարկե օրենք չի, որ գնա Սենատ, Սենատից հետո էլ բարձրանա ԱՄՆ նախագահի ստորագրմանը, սա բավականին լավ տեքստով հայտարարություն է, որը փոփոխման ենթակա չէ»,- ասաց նա:
Ըստ միջազգայնագետի, ԱՄՆ Կոնգրեսում Հայոց Ցեղասպանության ընդունմանն ուղղված քայլեր շատ են արվել, սակայն տարբեր պատճառներով և տարբեր տարիներին ԱՄՆ հայ համայնքին չի հաջողվել անցկացնել բանաձևը, սակայն այս անգամ հաջողվեց:
«Ժամանակն էր շատ ճիշտ ընտրված. ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները բավականին լարված են և այս ամենը դրական ֆոն էր ստեղծում, որ բանաձևն ընդունվի: Որքան էլ Միացյալ Նահանգներ-Թուրքիա հարաբերությունները բարելավվեն, այս բանաձևն արդեն ընդունված է, և ուժի մեջ է և փոփոխման ենթակա չէ»,-ասաց Սուրեն Սարգսյանը և հավելեց, որ համանման բանաձև այժմ նաև Սենատում կա։ Այն երկու սենատորների նախաձեռնությունն է և մոտ ժամանակներս Սենատում ևս քվերակության կդրվի Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևը:
Միջազգայնագետի խոսքով, կարևոր է այն, որ ԱՄՆ-ն ճանաչի Հայոց Ցեղասպանությունը և դատապարտի Հայոց Ցեղասպանության ժխտողականությունը, ԱՄՆ կրթական հաստատություններում դասավանդվի Ցեղասպանության թեման: Ինչպես նաև Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության մեջ արտացոլվեն Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևերը, իսկ պետական պաշտոնյաները չխուսափեն Ցեղասպանություն բառն օգտագործելուց:
Նա նաև նշեց, որ Ներկայացուցիչների պալատի կողմից բանաձևի ընդունումը շարունակական աշխատանքի արդյունք է, որն իրականացրել է ԱՄՆ հայ համայնքը և հայկական լոբբիստական կառույցները։ Այսօր այդ աշխատանքներն արդյունք տվեց:
Հարցին՝ արդյո՞ք Քիմ Քարդաշյանի գործունությունը որևէ կերպ ազդել են բանաձևի ընդունմանը, Սարգսյանն ասաց, որ Քարդաշյանն ակտիվորեն աշխատում էր․ «Քվերակությունից ընդամենը ժամեր առաջ թվիթ էր արել և խնդրել էր իր բոլոր հետևորդներին, որպեսզի զանգեն իրենց ներկայացուցիչներին ու խնդրեն՝ կողմ քվեարկել բանաձևին։ Այնպես որ Քիմ Քարդաշյանի ազդեցությունը ևս կա Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման գործում»,-շեշտեց Սուրեն Սարգսյանը:
Գոհար Ստեփանյան