Քրեական գործը երեկ ենք ստացել, դեռևս ուսումնասիրում ենք։ Այդ գործով որևէ մեկնաբանություն չեմ անի: Իսկ ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանին հարցաքննելու իրավունքին, ապա ցանկացած անձի հարցաքննելու իրավունք ունենք: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
Դիտարկմանը, որ Թովմասյանն անձեռնմխելիություն ունի, Խաչատրյանը նշել է, որ ընդամենը հարցաքննելու համար պետք չէ ՍԴ-ի թույլատվությունը:
Խաչատրյանը չի մեկնաբանել հարցը, որը վերաբերում է Թովմասյանին որպես մեղադրյալ ներգրավվելուն. «Դա իրավական խնդիր է, հիմա այդ մասին չեմ խոսում: Ես ունեմ կարծիք, բայց չեմ հայտնի»:
ՀՔԾ պետը ծանոթ չէ Վենետիկի հանձնաժողովի ղեկավարի հայտարարությանը, երբ ծանոթանա, կկարողանա մեկնաբանություններ տալ:
Սասուն Խաչատրյանի խոսքերով, Հրայր Թովմասյանի մասով քաղաքական գործընթաց չկա. «ՀՔԾ-ն քաղաքական վերահսկողությունից դուրս է աշխատում, ղեկավարվում է միայն օրենքով: Ինչ վերաբերում է նրա պաշտպանների հայտարարություններին, ապա դա պաշտպանի աշխատանքն է՝ չարգելված միջոցներով պաշտպանել իր վստահորդին: Պաշտպաններն ընտրել են այդ ճանապարհը, ես չեմ կարող մեկնաբանել, թե ինչու են նման ընտրություն արել»: