Հասարակություն գլխավոր 

Թյուրիմացություն է եղել. ՀՔԾ պետն ասաց, որ թույլ կտան Արսեն Բաբայանին տեսակցել անչափահաս երեխաների հետ

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, խոսելով Արսեն Բաբայանի համար կալանքը որպես խափանման միջոց ընտրելու պահանջ ներկայացնելու մասին, ասաց, որ ամեն կոնկրետ դեպքում քննիչն է գնահատում, թե որ խափանման միջոցն է ի զորու ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը. «Տվյալ դեպքում քննիչը եկել է այն եզրահանգմանը, որ պատշաճ վարքագիծը կարող է ապահովել միայն կալանքը: Այդ նկատառումներից ելնելով էլ արգելանք է դրվել տեսակցությունների վրա»:

Դիտարկմանը, որ նմանատիպ այլ դեպքերում կալանքի միջնորդություններ չեն ներկայացվում, ինչն էլ հիմք է տալիս ասելու, որ երկակի ստանդարտներ կան, ՀՔԾ պետն ասել է, որ ամեն գործ յուրահատուկ է:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու պատգամավորը կարող է տեսակցել Նաիրի Հունանյանին, իսկ մեկ այլ պատգամավոր չի կարող հանդիպել Բաբայանի հետ, Խաչատրյանի խոսքերով, պետք չէ նույնացնել պատիժը կրող անձին այն անձի հետ, ում նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, կարգավիճակների տարբերություն կա:

Խաչատրյանի խոսքերով, այստեղ վտանգավորության մասին չէ խոսքը. «Հանցանքի վտանգավորությունն ինչ-որ չափով կանխորոշում են, որոշակի դեր խաղում են խափանման միջոցի ընտրության հարցում, սակայն հիմնական հիմքը մեղադրյալի պատշաճ վարքագծի ապահովման պայմանն է»:

ՀՔԾ պետը պնդում է, թե տեղեկություններ չունի, որ Արսեն Բաբայանին արգելել են հանդիպել անչափահաս երեխաների հետ. «Եթե նման թյուրիմացություն եղել է, կշտկվի»:

Խաչատրյանի խոսքերով, Հրայր Թովմասյանի հրաժարական տալ-չտալը պետք չէ կապել Արսեն Բաբայանի մասով քրեական գործի հետ. «ՀՔԾ-ն քաղաքականությամբ չի զզբաղվում»։

Նույն շարքից