Հասարակություն գլխավոր 

Քննարկում են վարչապետի աշխատակազմի համար նոր ինքնաթիռ գնելու հարցը

Այսօր՝ հոկտեմբեր 30-ին, խորհրդարանում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնեց, որ քննարկվում է վարչապետի աշխատակազմի համար նոր ինքնաթիռ գնելու հարցը:

Աղաջանյանի խոսքերով, որպեսզի այսօր առկա օդանավը կարողանա օվկիանոս կտրել անցնել հավելյալ կցաբաք է պետք, ինչը կապված է միլիոնավոր դոլարների ծախսի հետ. «Մենք նաև խնդիր ունենք այն մասով, որ մեր օդաչուները լիցենզավորված չեն տրանսատլանտյան թռիչքներ իրականացնելու համար: Դրա համար էլ վարչապետի ամերիկյան այցը կայացել է մասնավոր օդանավով»:

ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին, թե ինչպես պետք է լուծել հարցը, եթե նկատի ունենանք այն, որ նման այցեր էլի են լինելու, Աղաջանյանը պատասխանեց, որ տարբեր տարբերակներ են քննարկում, այդ թվում նաև նոր ինքնաթիռ գնելու տարբերակը. «Գործող ինքնաթիռը բավականին հին է, ստանդարտներին չի համապատասխանում: Նոր տեխնոլոգիաների առկայության պարագայում ծախսի տեսանկյունից  շատ ավելի նպատակահարմար կլինի նոր ինքնաթիռի ձեռքբերումը: Որոշում դեռ չկա, հարցը քննարկման փուլում է: Համաձայն եմ, որ սրանք մեծ ծախսեր են, սակայն սա պետություն է ու կան ծախսեր, որոնցից հնարավոր չէ խուսափել»:

 

Նույն շարքից