Այս գիշեր ադրբեջանական զինուժը կրակել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակավայրերի և դիրքերի ուղղությամբ:
Տավուշի մարզի Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը Analitik.am-ին ասաց, որ ադրբեջանական զինուժը կրակել է Բաղանիսի դիրքերի վրա, գյուղի վրա կրակոցներ չի եղել:
Ըստ նրա, մեկ տարուց ավելի է գյուղի ուղղությամբ կրակոցներ չի եղել, սակայն դիրքերի վրա ժամանակ առ ժամանակ կրակոցներ լինում են, սակայն նման ինտենսիվությամբ կրակոցներ՝ վաղուց չէր եղել:
«Գյուղում լսելի էր կրակոցների ձայնը։ Ցանկացած կրակոց էլ գյուղում լսվում է: Գյուղում անհանգստություն չկար, կրակելուց զգացվում է կրակոցները գյուղի ուղղությամբ են գալիս, թե՝ ոչ»,-ասաց Սահակյանը:
Այս գիշեր ադրբեջանական զինուժի կրակոցներն ուղղված էին Ոսկեպարի դիրքերին։ Այս մասին Analitik.am-ին ասաց Տավուշի մարզի Ոսկեպարի գյուղապետ Սերոբ Մախսուդյանը: Նա նշեց, որ Ոսկեպարում դիրքերը մոտ են գյուղին և ցանկացած կրակոց դիրքերի ուղղությամբ, նաև գյուղի ուղղությամբ է:
«Կրակահերթերը 15-20 րոպե ընդմիջումներով էր, կրակում էին տարբեր ժամերի, մինչև լուսադեմ: Բարեբախտաբար գյուղը վնասներ չի կրել»,- ասաց Մախսուդյանը:
Ըստ նրա, Ոսկեպարում մոտավորապես մեկ շաբաթ առաջ էլի կրակոցներ է եղել, բայց ոչ այսպես ինտենսիվ․ «Կրակահերթերի ձայնն արդեն սովորական է գյուղի բնակիչների համար, միայն կրակոցների ձայնն են լսում: Գյուղում խուճապ չկա, այս պահին ևս կրակոցներ չկան»,-հաղորդեց Ոսկեպարի գյուղապետը: