Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատը ձայների 405/10 հարաբերակցությամբ ընդունեց Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևը: Կողմ քվեարկեցին 223 դեմոկրատ և 177 հանրապետական կոնգրեսականներ, իսկ դեմ քվեարկած 10 հանրապետականները թուրքական հանձնախմբի անդամ են:
Հայոց Ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումից հետո Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօլղուն պնդում է, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումով ԱՄՆ-ն փորձում է վրեժխնդիր լինել Թուրքիայից: Այս մասին Analitik.am-ի հետ զրույցում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, վրեժխնդրությունը սխալ ձևակերպում է Թուրքիայի կողմից, այդ բանաձևն ավելի շատ դժգոհության արդյունք է.
«Հարցը ոչ թե վրեժխնդրությունն է, այլ այն, որ ամերիկյան քաղաքական իսթեբլիշմենթը դժգոհ է Թուրքիայից, թուրք-ռուսական հարաբերություններից, նաև նրանից որ Թուրքիան ռուսների հետ սպառազինությունների բնագավառում մեծ գործարքներ է անում: Դժգոհ է նաև նրանից, որ Թուրքիան քաղաքական առումով փորձում է իր կախվածությունը թուլացնել ԱՄՆ-ից և այլն»:
Պարոն Սաֆրաստյանի խոսքերով, ԱՄՆ-ի կողմից այս ամենը ճնշում է Թուրքիայի վրա, իսկ նպատակն է հասնել նրան, որ Թուրքիան իր քաղաքականությունը փոխի: Թուրքիան իր հերթին փուրձում է ամեն ինչ անել, որ իր դժգոհությունը հայտնի բանաձևի հետ կապված.
«Տասնամյակներ շարունակ Թուրքիայի տարբեր ղեկավարություններ միշտ հայտարարել են՝ եթե որևիցե երկրում նման բանաձև ընդունվի, Թուրքիան հակահարված կտա և պատասխան քայլեր կձեռնարկի»: Իսկ Թուրքիայի կողմից հակահարվածներ ձեռնարկելու վտանգների մասին թուրքագետն ասաց, որ 2000-ական թվականներին, երբ ֆրանսիայի խորհրդարանը ընդունեց Հայոց Ցեղասպանության դատապարտման մասին հայտնի բանաձևը, Թուրքիան բացի նրանից, որ ինչ-որ միջոցներ կիրառեց Թուրքիայում ֆրանսիական ապրանքամիջոցների սահմանափակման հետ կապված, նաև կիրառեց կարգավորումը, որով ՀՀ քաղաքացիները պետք է վիզա ստանան միայն Թուրքիայի դեսպանատներում: Պարոն Սաֆրաստյանը նշեց նաև, թե Ֆրանսիայի օրինակից ելնելով՝ չի բացառում այն, որ Թուրքիան կարող է ինչ-որ բաներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության դեմ:
Օֆելի Իսրայելյան