Հայաստան 

Կա եռյակի ինստիտուտ, ուրեմն որոշումները այդտեղ են կայացվում. Մելքումյան

analitik.am

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով Րաֆֆի Հովաննիսյանի այն հայտարարությունից, թե եռյակը միասնական չէ, ասաց, որ «Ժառանգություն» խմբակցությունը եռյակի ձևաչափում ներկյացուցիչներ ունի, և եթե իրենք իսկապես խնդիրներ են տեսնում, կամ եթե դժգոհություն կա եռյակից, թող գան ու բարձրաձայնեն:

 

«Եթե ինքը ոճի առումով կողմ է ավելի կտրուկ քայլերով առաջ գնալուն, ապա դա պետք է ընդունվի եռյակի առաջնորդների կողմից, և առաջ շարժվեն: Եթե կա համագործակցության ծրագիր, որը արդեն հաստատված է, ապա պետք է դրանով առաջ շարժվել»,- ասաց Մելքումյանը:

 

Դիտարկմանը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է նաեւ, որ «Ժառանգությունը» հեռուստատեսություն, փող և մեքենա չունի, որ մարդկանց հանրահավաք բերի` նկատի ունենալով ԲՀԿ-ին, Միքայել Մելքումյանն ասաց, որ այս պահի դրությամբ` եռյակը մոբիլիզացրել է խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը, և երբ ասում են ուժերի մոբիլիզացիա, միայն մարդկանց նկատի չունեն, այլ այն բոլոր հնարավորությունները, որոնք առկա են:

 

«Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանում է շարժումը տեմպի առումով արագացնի, չեմ ասում դեմ եմ, բայց կողմ եմ, թող գա քննարկի, ո՞վ է դեմ: Կա եռյակի ինստիտուտ, ուրեմն որոշումները այդտեղ են կայացվում: Իր ներկայացուցիչները չե՞ն եռյակում, եթե իր ներկայացուցիչների հետ խնդիր ունի, ինչ ասեմ…»,- ասաց Միքայել Մելքումյանը:

 

Նշենք, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ զերծ է մնում Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունները մեկնաբանելուց:

Նույն շարքից