Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման մասին:
Փաշինյանի խոսքերով, տեղի ունեցածը շատ կարևոր իրադարձություն է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում և նոր թափ կհաղորդի գործընթացին. «Ուզում եմ այս կապակցությամբ իմ երախտիքի խոսքերն ասել Սփյուռքում, մասնավորապես ԱՄՆ-ում գործող հայկական կազմակերպություններին, որոնք տասնյակ տարիներ հետևողականորեն աշխատել են ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Գործնականում այս որոշումը հասունացել էր երկար տարիներ, քանի որ ԱՄՆ գրեթե բոլոր նահանգները նահանգային մակարդակում ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Սա դարձավ այդ գործընթացի կուլմինացիան»:
Վարչապետը շնորհակալություն հայտնեց նաև ներկայացուցիչների պալատի այն անդամներին, ովքեր կողմ են քվեարկել Հայոց ցեղասպանության բանաձևին՝ առանձին խոսելով հայկական խմբի անդամների մասին: