Քաղաքական 

Մանկատների սաները չպետք է «ես մանկատան սան եմ» դրոշմը դարձնեն իրենց կյանքի բրենդը. Նիկոլ Փաշինյան

Փոխվում է ոչ միայն ծառայության մատուցման ձևը, այլ նաև բովանդակությունը: Կառավարության նիստում «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն», «Վանաձորի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները լուծարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի N 890-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի N 1738-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1906-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին նախագծի (հարց՝ համար 2) քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքերով, արվելիք բարեփոխումներն ուղղված են ընդդեմ հուսահատության. «Հայաստանում մանկատան, գիշերօթիկի սան ասել նշանակում է մարդու նկատմամբ կարդալ դատավճիռ, որ ինքն ամբողջ կյանքում լինելու է հանրային կյանքի, հաջողության լուսանցքից դուրս: Այս իրավիճակի հետ մենք չենք համակերպվելու»:

«Եթե մենք նայենք, թե գիշերօթիկ հաստատությունների, մանկատների քանի սան է ընդունվել բուհ, քանիսն են շատ թե քիչ նորմալ կարիերա արել, բարեկեցիկ կյանք ձեռք բերել, խայտառակ պատկերի առաջ կկանգնենք: Փոխարենը, եթե նայենք գիշերօթիկի աշխատողների, տնօրենների բարեկեցությանը, էլի հետաքիքր պատկեր կարող ենք տեսնել: Մենք հետևողականորեն առաջ ենք տանելու այս փոփոխությունները, որոնց նպատակը մեկը պետք է լինի՝ մեծացնել գիշերօթիկ հաստատությունների, մանկատների և այս կարգի հաստատությունների երեխաների մրցունակությունը կյանքում:

Պետք է մեեծացնել նրանց վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, նրանց պետք է օժտել գիտելիքներով, հմտություններով, որպեսզի նրանք իրենց վրա չկրեն «ես մանկատան սան եմ» դրոշմը: Նրանք չպետք է դա դարձնեն իրենց կյանքի հիմնական բրենդը, որ իրենց նկատմամբ որոշակի վերաբերմունք լինի: Նրանք իրենց աշխատանքով, տաղանդի զարագումով պետք է ապահովեն իրենց բարեկեցությունը: Կարևոր է, որ մենք հիմա լուծում ենք պետական միջոցների արդյունավետության խնդիրը»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքերով, հաջորդ կարևոր հարցն այն է, որ երեխաներին օգնում են վերադարձնել ընտանիքներ. «Ընտանիքն այսպիսի գործողություններով են արժեվորում: Իհարկե կան լեգիտիմ մտահոգություններ՝ արդյո՞ք բոլոր շահառու ընտանիքները կարող են ապահովել անհրաժեշտ պայմաններ: Դրա համար Հայաստանում ընտանիքում բռնության ինստիտուտը պետք է շատ լուրջ աշխատի ու զարգանա: Մենք այս ընտանիքներին պետք է աջակցենք, որ համապատասխանեն անհրաժեշտ չափանիշներին: Որևէ մեկն իրավունք չունի բռնանալ ՀՀ քաղաքացու իրավունքների վրա, այդ թվում նաև իր ընտանիքի անդամի»:

Նույն շարքից