Մենք թույլ չենք տալու, որ Հայաստանի Հանրապետության կոռուպցիոն համակարգի մնացորդները փորձեն Հայաստանը պահել հետադիմության և տգիտության փակուղում: Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանի խոսքերով, այդպիսի ուժեր այսօր կան նաև կառավարության մեջ. «Մենք հատ-հատ պետք է պետական համարգից արմատախիլ անենք տգիտության քարոզով զբաղվող բոլոր մարդկանց՝ մինչև վերջին մանրուքը, ընդհուպ մինչև պինցետով, որ ոչ մի մոլեկուլ չմնա»:
Այս մասին Փաշինյանը խոսեց «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն», «Վանաձորի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները լուծարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի N 890-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի N 1738-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1906-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին նախագծի (հարց՝ համար 2) քննարկման ժամանակ:
Հարցին՝ կա արդյո՞ք երաշխիք, որ կատարվելիք փոփոխությունները բերելու են հսկայական արդյունքների, վարչապետը բացասական պատասխան տվեց. «Բայց վատթարագույն փոփոխությունն ավելի լավ է, քան՝ անհուսալի ներկան»:
«ՀՀ-ն պետք է ամեն ինչ անի գիշերօթիկ հաստատությունների ու մանկատների սաներին հետագա կյանքին պատրաստելու համար: Ընդ որում, հետագա կյանքը չպետք է լինի մուրացիկի, յոլա գնացողի կյանք, պետք է լինի արժանապատիվ աշխատանքով, սեփական բարեկեցությունն ապահովող քաղաքացու կյանք»,-ասաց կառավարության ղեկավարը:
«Նույնը վերաբերում է տարեցների խնամքի կենտրոններին: Եկեք տեսնենք, թե ինչ մթնոլորտում են այդ մարդիկ «պահվում» այնտեղ: Սրան նույնպես պետք է վերջ տալ: Ճանապարհը հեշտ չի լինելու: Մենք ասում ենք, որ հուսահատության մթնոլորտի հետ չենք համակերպվելու: Մենք երկիրը տանելու ենք առաջ, իսկ բոլոր նրանք, ովքեր մեր ոտքերից կկախվեն ու կփորձեն թույլ չտալ երկիրն առաջ գնա, թափ կտանք մեր ոտքերի վրայից ու մեր ժողովրդի վստահության պայմաններում մեր երկիրը, հայրենիքը, մեր ժողովրդին առաջ կտանենք: Թող սա բոլորն արձանագրեն, առավել ևս՝ պետական համակարգում ներգրավված մարդիկ»,-հավելեց վարչապետը:
Նախագիծն ընդունվեց: