Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, մամուլում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Երևանի կենդանաբանական այգում շները 3 կենգուրու են կերել:
Հիշեցնենք, որ Հայաստան էր բերվել 5 կենգուրու, մեկն անկել էր, երեքն այլևս չկան։ Հուսանք մեկ կենգուրու դեռևս մնացել է:
Փորձեցինք տեղեկությունը ճշտել Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանից, սակայն նրա հեռախոսը անհասանելի էր, իսկ մամուլի պատասխանատուն չէր պատասխանում հեռախոսազանգերին:
Հիշեցնենք, որ Ռուբեն Խաչատրյանը Երևանի կենդանաբանական այգու տնօրեն է նշանակվել 2013 թվականին:
Էկո-մեդիա բնապահպանական-լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանն Analitik.am-ի հետ զրույցում ասաց, որ Ռուբեն Խաչատրյանը տնօրեն ընտվելուց հետո ասել է, որ այգում մինչ այդ կենդանիների անկումը կազմել է 2 տոկոս, հիմնականում անկել են թռչունները:
Կիրակոսյանը նշեց, որ այս տարիներին, Խաչատրյանի տնօրինության շրջանում այգին 70 կենդանատեսակի կորուստ է ունեցել, իսկ նման իրավիճակ կենդանաբանական այգում երբևէ չի եղել:
«Նա նաև հայտարարում էր, որ այգին պետք է ցանկապատվի, սակայն մինչև հիմա չի ցանկապատվել, անգամ սովորական երկաթե ցանկապատ կարող էին անցկացնել՝ կենդանիներին պաշտպանելու համար: Բացի այդ, քաղաքապետարանը 200 միլիոն դրամից ավելի գումար էր փոխանցել Կենդանաբանական այգուն, կարող էին ցանկապատել, որը չեն արել: Ռուբեն Խաչատրյանն անընդհատ ասում է, որ բարեկարգում են։ Ի՞նչն են բարեկարգում՝ չես հասկանում։ Այս իրավիճակն արդեն ծիծաղելի չէ»,- ասաց նա:
Կիրակոսյանը նաև հաղորդեց, որ բնապահպանական տեսչական մարմինն այս տարիներին ոչ մի անգամ այգի չի գնացել և մոնիթորինգ չի իրականացրել և 70 կենդանատեսակի կորուստի վերաբերյալ որևէ ցուցակ չկա:
Գոհար Ստեփանյան