Անհասկանալի է, թե ինչ ուղղությամբ եք ուզում տանել կրթությունը և արդյո՞ք տրամադրվելիք գումարը բավարար է այն այդ ուղղությամբ տանելու համար: Խորհրդարանում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ դիմելով ԿԳՄՍ Նախարար Արայիկ Հարությունյանին և ցանկանալով իմանալ, թե ինչպիսի կրթություն է ուզում Հայաստանն ունենալ, ինչպիսի տեսլական կա:
Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ հիմա ռազմավարություն է մշակվում, որը կլինի մայիսին. «Եթե մենք ուզում ենք շենք սարքել ճահիճի վրա, նախ պետք է ճահիճը չորացնել: Մենք հիմա գտնվում ենք ճահիճի վրա, որն ինչ-որ չափով չորացրել ենք: Մենք պետք է ամբողջական պատկերացում ունենանք: Սակայն մենք երբեք կանգ չենք առել՝ հասկանալու համար, թե ինչ ունենք: Մեզ միշտ «տոկի են տալիս», ասում են՝ արագ արեք: Սակայն համակարգն արագ քայլերի արդյունքում կարող է շուռ գալ, կարող ենք աղետի առաջ կանգնել»:
Նախարարի խոսքերով, անընդհատ ասվում է, թե ժամանակ չկա. «1991 թվականին ասել են, որ ժամանակ չկա, հիմնարար քայլեր չեն արվել: Այդպես եղել է նաև 95-ին: Մենք հիմա շտապելու ժամանակ չունենք: Մենք քառակի ջանքեր ենք գործադրում բարեփոխումներն արագացնելու համար, սակայն ունենք օբյեկտիվ իրականություն: Պետք է իմանանք ունեցած բոլոր բաղադրիչները: Կրթության համար մենք պետք է ունենանք այնպիսի արտադրանք, ինչի արդյունքում կունենանք լուրջ վերլուծող, հետազոտող, քաղաքացիական պարտականություններն ու լիազորություններն իմացող քաղաքացի: Եթե ունենանք դա, 10-15 տարի հետո կունենանք լավագույն կրթական համակարգը: Իսկ այս փուլում դեռ պետք է չորացնենք ճահիճը»: