Երեկ լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ Մելինե Դալուզյանի կյանքի մասին ֆիլմի նկարահանմանը 20 միլիոն դրամ տրամադրելու վերաբերյալ որոշումն իր նախարարության օրոք չի կայացվել:
Նախարար Հարությունյանն այսօր, լրագրողների հարցերին պատասխանելիս, ասաց, որ էական չէ, թե ում օրոք է դա եղել՝ նշելով, որ ամեն դեպքում այս իշխանության օրոք է որոշումը կայացվել. «Այս տարի «Ոսկե Ծիրանում» ինչ-որ ֆիլմ էր ցուցադրվել, որը կրկին հայտնվել էր նախկինների քննադատության կենտրոնում: Ու հանկարծ պարզվեց, որ իրենց իշխանության օրոք էլ են ցուցադրել: Նախկիններին թողնես, ամեն ինչ էլ կքննադատեն»:
Ինչ վերաբերում է ֆիլմին, Հարությունյանը նշեց, որ որոշումն իր օրոք չի կայացվել, սակայն իր օրոք մշակույթի ոլորտում ցենզուրա չի լինելու. «Սա բոլորը թող հստակ ընկալեն: Եթե գեղագիտական խորհուրդները որոշում կայացնեն, որ տվյալ գործն արժանի է պետության կողմից ուշադրությանը, պետությունը դա կանի: Սատանիզմի հիմքով համերգներ չեղարկել Հայաստանում այլևս չի լինելու, մտացածին հիմքերով ինչ-որ բաներ չեղարկել չի լինելու, արվեստը լինելու է ազատ, քանի որ անկախ պետության գրավականներից մեկը հենց դա է: Որոշ մարդիկ, ովքեր ուզում են քաղաքական դիվիդենտներ ստանալ, պետք է ուշադրության չարժանանան, քանի որ նրանք հետադիմության առաջամարտիկներ են: Մարդիկ կարող են ասել, որ այս կամ այն արժեքն իրենցը չէ, պետք է հարգանքով մոտենալ նրանց, սակայն արվեստում ցենզուրա սահմանելն անթույլատրելի է»: