Ինչի՞ վրա են ծախսում գումարները, թանկարժեք ավտոմեքենայի՞, կառավարական առանձնատների թանկարժեք վերանորոգմա՞ն։ Այսօր ԱԺ-ում պետական պաշտոնյա կա, ով տանից դուրս է գալիս ու ոչ մի երաշխիք չկա, որ առանց կողմնացույցի տան տեղը կգտնի և ետ կվերադառնա իր տուն։ Մարդիկ իրենց համար զվարճանում են, իսկ ժողովուրդն ի՞նչ է շահել այդ ամենից։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը։
Պետրոսյանի խոսքերով, եթե ժողովուրդը չի շահում դրանից, ուրեմն կառավարություն գոյություն չունի․ «Ինձ համար կառավարության գործունեության դրական գնահատականի չափանիշը ժողովրդի ապրելակերպն է։ Ես չեմ տեսել այնպիսի սոցիալական խավ, որ ասի՝ այ հիմա ես ինձ լավ եմ զգում։ Մարդ կա կյանքում հեծանիվ չի նստել, այսօր ինքնաթիռից չի իջնում։ Այս մարդիկ իհարկե իրենց լավ են զգում։ Բայց արդյո՞ք այս մի քանի մարդու բարեկեցության համար է արվել հեղափոխությունը»։
ԲՀԿ-ականը նշել է, որ ժողովուրդը դեռ սպասում է, մարդկանց ակնկալիքն մինչ այսօր իրացված չէ․ «Այս մասին պետք է մտածի կառավարությունը։ Բավական է այդ տեսարաններով կերակրել ժողովրդին։ Ասում են՝ սրան ձերբակալեցին, մյուս օրը՝ նրան, այս ինչը շուտով կձերբակալվի։ Ժողովուրդն արդեն զզվել է այդ ձերբակալությունների թեմայից, ժողովրդին հետաքրքրում է հացի խնդիրը»։