Այսօր Ազգային ժողովում տարբեր տարիներին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները հանդիպեցին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի, ԱԺ պատգամավորների, ՔԿ ներկայացուցիչների հետ:
Նիստի մեկնարկին քննիչների, հանձնաժողովի անդամների և զոհված զինծառայողների ծնողների միջև վիճաբանություն սկսվեց: Ծնողները մեղադրում էին քննիչներին գործերի դանդաղ ընթացքի, գործերի չբացահայտման մեջ: Վիճաբանությունն ավարտվեց նրանով, որ քննիչները հեռացան`ասելով, որ նման պայմաններում հնարավոր չէ այդ հարցերը քննարկել:
Քննիչների հեռանալուց հետո Նարիա Զոհրաբյանը նշեց, թե չէր կարծում, որ հանդիպումը «արմագեդոն» կհիշեցնի, և հանդիպումը նման ընթացք կստանա: Նա նաև ասաց, որ քննիչները պատրաստ են շարունակել ծնողների հետ քննարկումները, բայց՝ հանդարտ մթնոլորտում:
Նաիրա Զոհրաբյանն առաջարկեց քննարկումներն ընդհատել՝ ծնողներին առաջարկելով ձևաչափ ընտրել և հանդիպել ՔԿ-ի, ՊՆ-ի և Զինդատախազության ներկայացուցիչների հետ:
«Մենք ուզում էինք քայլ-քայլ մոտենալ ձեր գործերի բացահայտմանը, արդարությանը`չստացվեց, որովհետև կողմերը իրար դիտարկեցին որպես հակառակորդներ»,- ասաց Զոհրաբյանը:
Ծնողները պահանջում էին, որ հանդիպմանը ներկա լինեն Պաշտպանության նախարարը, Արդարադատության նախարարը, փաստաբաներ, լրատվամիջոցներ, Զոհրաբյանը խոստացավ նման հանդիպումը կազմակերպել:
Մայրերից մեկը նշեց, որ այժմ նույն քննիչներն են զբաղվում իրենց որդիների սպանության գործով, ուստի չի հավատում, որ նրանք կարող են արդար ուղիով տանել քննության ընթացքը: Նա նաև հավելեց, որ այս տարիներին այդ քննիչներն անգամ մեկ զինվորի սպանություն չեն բացահայտել, իսկ իրենք սպասում էին, որ նոր Հայաստանում փոփոխություններ կլինեն, սակայն ոչինչ չի փոխվել: