Հայաստան Քաղաքական 

Տո ա՛յ տղա, դու քեզանից ի՞նչ ես ներկայացնում, դու մի ճանճ չես կարող սատկացնել. Գևորգ Պետրոսյան

Այսօր իսկապես ծրագիր կա նախ Հայաստան-Արցախ հարաբերություններում սեպ խրելու, և ինչու չէ՝ նաև արդեն առանձին տարածաշրջանների մեջ տարբերակում մտցնելու։ Հայաստանը և Արցախը տարբեր պետություններ են, բայց մենք մեկ ժողովուրդ ենք, մեկ ագզ ենք, ու որևէ մեկն իրավունք չունի իր պաշտոնը պահպանելու համար սեպ խրել այդ հարաբերություններում: Նման իրավունք չունեն առավել ևս ինչ-որ լապստրակներ, ովքեր կանգնում Արցախի նախագահի գլուխը ջարդելու կոչ են անում․ «Տո ա՛յ տղա, դու քեզանից ի՞նչ ես ներկայացնում։ Դու մի ճանճ չես կարող սատկացնել»,-այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Պետրոսյանի խոսքերով, այս թշնամանքի մթնոլորտի պատասխանատուն այսօրվա կառավարությունն է։

Ինչ վերաբերում է տնտեսական հեղափոխությանը, որի մասին բազմիցս խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Պետրոսյանի կարծիքով, այն այդպես էլ մնաց օդում կախված․ «Որևէ առաջընթաց չկա, որևէ ներդրող չկա։ Այս մթնոլորտի պայմաններում, երբ շարունակում են դատավորներին սպառնալ, մարդկանց տանել ազատազրկել, որևէ մեկը ներդրում չի անելու»։

ԲՀԿ-ական պատգամավորը նշել է, որ ինքը լավատես մարդ է, սակայն լավատեսությունը պետք է խելամիտ լինի․ «Մենք չպետք է ժողովրդին խաբենք, քանի որ տեսնում ենք՝ որևէ դրական բան չկա»։

Անդրադառնալով վերջերս նախարարների աշխատավարձերը բարձրացնելու վերաբերյալ գաղտնի որոշմանը՝ Պետրոսյանն ասել է, որ դա ոչ թե խրախուսում, այլ աշխատավարձի բարձրացում է եղել․ «Գործող օրենսդրության համաձայն՝ խրախուսումը կարող է լինել տարեկան երեք անգամ և երեսուն տոկոսի չափով, ոչ թե ամեն ամիս կրկնակի վարձատրության ձևով։ Մեր բոլոր նախարարները նույն արդյունավետությա՞մբ են աշխատում, որ բոլորի աշխատավարձը կրկնապատկվել է»։

Պատգամավորը շեշտեց նաև այն, որ այսօր մանկավարժները, զինվորականները, ոստիկանները, ԱԱԾ ծառայողները, փրկարարներն աղքատության ճիրաններում են խարխափում, իսկ վարչապետը նախարարների աշխատավարձն է բարձրացնում․ «Հետո՞, սա ի՞նչ է նշանակում»։

Վերջում Պետրոսյանը հավելել է, որ սոցիալական պետությունն այն է, երբ ամեն աշխատունակ քաղաքացի կարողանում է իր աշխատունակությանը համապատասխան աշխատանք ունենալ, իսկ անաշխատունակն էլ օգտվի արժանապատիվ կյանքի իրավունքից․ «Մնացածը հեքիաթ է»,-ասել է նա։

Նույն շարքից