Հայաստան 

Մեծամասնականով ընտրված պատգամավորն ավելի հասանելի է. Զոհրաբյան

analitik.am

«Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցի քննարկմանն այսօր ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ ազատ ու արդար ընտրությունների կայացումը ՀՀ-ում կախված է ընտրական համակարգից:

 

Զոհրաբյանի խոսքով՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելն անշուշտ աստվածաշնչյան պատվիրան չէ, և դրանով բոլոր խնդիրները չեն լուծվելու:

«Որևէ մեկը ռոմանտիկ չէ, և մենք հասկանում ենք, որ ընտրական խայտառակ, արատավոր այդ մեխանիզմը, որ երկար տարիներ գործում է Հայաստանում, և որևէ կերպ հնարավոր չէ կոտրել, միայն ընտրական համակարգի հետ չի կապված»,-ասաց նա և հավելեց, թե ՀՀ քաղաքացին մեկ բան է ուզում, որ իր քվեն, ձայնը տեղ հասնի, իսկ համակարգը նրա համար նշանակություն չունի:

Զոհրաբյանն ուղղեց այն պնդումները, թե մեծամասնականով ընտրված պատգամավորն ավելի հասանելի է. «Դա ճիշտ չէ, դա բլեֆ է, որովհետև ես կարող եմ բերել բազմաթիվ օրինակներ այստեղ նստած մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների, ովքեր մեկ անգամ չեն տեսել իրենց ընտրողներին»:

ԲՀԿ պատգամավորը, խոսելով մշտապես խոսվող քաղաքական կամքից, նկատեց, թե հիմա առաջարկում են, որ քաղաքական կամքի բացակայությունը լրացնեն 100% համամասնական ընտրակարգին անցնելով, փորձեն օրենսդրական դանդաղ քայլերի ճանապարհով, վերացնելով մեծամասնական ընտրակարգի ֆեոդալիզացիան՝ հասնել արդյունքի:

Նա նշեց, եթե իշխանություններն իսկապես երկխոսություն են ուզում սկսել, եթե դրանք ընդամենը հայտարարություններ չեն, այլ կոնկրետ գործնական առաջարկներ, ապա նրանք պատրաստ են բաց և ազատ քննարկել բոլոր առավելությունները:

«Կտեսնեք, որ սա է իսկապես ճանապարհը: Ձեր քվեարկությունը ցույց կտա՝ արդյո՞ք պատրաստ է իշխանությունը գնալ երկխոսության, թե շարունակելու է ցանկացած գնով, ճանապարհով ու եղանակով պահել իր քաղաքական մենաշնորհը»,-ասաց նա:

Նույն շարքից