Հայաստան 

Զուրաբյանը դժգոհ է

analitik.am

Եթե Հայաստանում լինեն ազատ և արդար ընտրություններ, ապա կունենայինք ժողովրդի առաջ հաշվետու իշխանություն, ԱԺ պատգամավորների մեծամասնություն, որոնք վստահ կլինեն, որ իրենց թիկունքում կանգնած է ժողովուրդը։ «Ընտրական օրենսգրքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած նախագծի քննարկմանը «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անունից հանդես գալով՝ ասաց խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Ըստ նրա այսօր այս դահլիճում սակայն մեծամասնությունն այդ վստահությունը չունի, և եթե ընտրություններն ազատ և արդար լինեին, ապա մեծամասնությունը երեք անգամ քիչ կլիներ:

«Տվեք մեզ ազատ և արդար ընտրություններ՝ մենք կտանենք Հայաստանը զարգացում, բարգավաճում, կապահովենք տնտեսության և արդյունաբերության զարգացում», ասաց Լևոն Զուրաբյանը:

ՀԱԿ պատգամավորի խոսքով՝ դրա համար պետք է քաղաքական կամք։ «Իսկ այդ կամքը չկա»,– ավելացրեց նա: 

Պատգամավորը նկատեց, որ 2008թ-ից Հայաստանից արտագաղթել է 150 000 մարդ, մինչդեռ ընտրողների թիվն ավելանում է:

«Կա՛մ կամովի կտաք Հայաստանի Հանրապետության ժողովրդին ազատ և արդար ընտրություններ, կա՛մ ժողովուրդն ազատ և արդար ընտրությունները կնվաճի»,- եզրափակեց նա:

Նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հակադարձեց. «Ազատ արդար ընտրություն պահանջելու համար ազատ և արդար ընտրության մասնակցեք»:

Նույն շարքից